ԿարևորՀասարակություն

Կրկին դժգոհություններ, կրկին հայերենից, կրկին քննական հարցերի շուրջ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայերենի այս տարվա դեռևս նոր շտեմարաններն արդեն իսկ մեծ աղմուկ են բարձրացրել, որի համար այսօր Գնահատման և թեստավորման կենտրոնը հրավիրել է մասնագիտական քննարկում` որոշելու մի շարք քննական առաջադրանքներ փոխելու հարցը: Խնդրին արձագանքել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և հավաստիացրել, որ եթե անգամ շտեմարաններում առկա լինեն թերություններ, ԿԳՆ կանխելու է վատորակ թեստերի օգտագործումը քննությունների ընթացքում: Մինչ ԳԹԿ-ում մասնագետները որոշում էին՝ ինչ անել, բուհական ընդունելության քննություններին պատրաստվող 12-րդ դասարանի աշակերտներ Գրիշա Էձգերիձեն ու Աննա Մուրադյանը լրագրողներին էին ներկայացնում շտեմարանում առկա առաջադրանքների աբսուրդի հասնող հարցադրումները:

Բոլորովին վերջերս լույս տեսած հայերենի շտեմարանների առաջին մասն արդեն հասցրել է մեծ դժգոհություններ հարուցել, և ինչպես օրերս ֆեյսբուքյան էջի գրառումներում հայտարարել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` ԳԹԿ-ն առաջիկայում հրավիրելու է մասնագիտական քննարկում եւ մի շարք քննական առաջադրանքներ կփոփոխվեն: Այդ օրը չուշացավ, քանի որ մասնագիտական քննարկումը նշանակվել էր այսօր: Ու մինչ ԳԹԿ-ում մասնագետները որոշում էին, որ հարցադրումներն են սխալ և ավելորդ, բուհական ընդունելության քննություններին պատրաստվող և այս նույն շտեմարանով առաջնորդվող 12-րդ դասարանի աշակերտներ Գրիշա Էձգերիձեն ու Աննա Մուրադյանը լրագրողներին էին ներկայացնում շտեմարանում առկա անհեթեթության հասնող առաջադրանքները: Գրիշա Էձգերիձեն նկատեց, որ գրականության հարցերում գրեթե չկան այնպիսիք, որ ստուգեն դիմորդի գիտելիքները:

«Տրված են անհեթեթ պահանջներ: Առաջադրանք կա, որտեղ մենք պետք է նշենք պատմվածքի միջի բոլոր աղախինների ու դայակների անունները»: Գրիշա Էձգերիձեն, ի դեպ, իր դիտողությունները ուղարկել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Հայոց լեզվի մի շարք առաջադրանքներ է առանձնացրել նաև Աննա Մուրադյանը։ Ըստ նրա՝ դրանք դիտավորյալ են ներառվել՝ դիմորդին շփոթեցնելու նպատակով: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Սարգսյանն էլ նշեց, որ ավելի լավ է մի քանի մասից կազմված շտեմարանի փոխարեն ունենանք մեկը, բայց՝ որակով։ Նա կարծում է, որ այսօրվա շտեմարանները չեն ծառայում իրենց նպատակին:

Շտեմարանը կազմողների կամ անգրագիտությունը, կամ էլ դիտավորությունը հասկանալու համար անգամ այն բացելու ու թերթելու կարիք չկա: Ակնհայտ սխալը աչք է ծագում հենց կազմից, նկատեց Գայանե Սարգսյանը: Այսպիսով` ոչ Գրիշան, և ոչ էլ Աննան պարզորակ շտեմարան չեն ուզում, նրանք երկուսն էլ գտնում են, որ շտեմարանը պետք է լինի բարդ, բայց իրական գիտելիքներն ստուգող։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button