ԿարևորՏնտեսական

Յոթ մլն դոլար՝ Երեւանում ավտոբուսների արտադրություն կազմակերպելու համար

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»        

Յոթ տարի  ժամանակ։ յոթ մլն դոլար ներդրում Երևանում ավտոբուսների արտադրություն կազմակերպելու նպատակով: Միկոյան 18 հասցեում գտնվող տարածքը  գործարար ընկերությանը տրվեց վարձակալական հիմունքներով՝ կառավարության որոշմամբ:
Պետական բյուջեի  պահուստային  ֆոնդից 498 մլն դրամ  հատկացվեց՝ ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ որոշումներն ընդունվում են հանրապետության նախագահի հանձնարարականով։

«Այդ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անհրաժեշտ էր համարվել, որ պետության ուշադրության կենտրոնում գտնվեն զինծառայողների սոցիալական պայմանները։ Ստանալով ՀՀ նախագահի հանձնարարականը` մենք, ըստ էության, անում ենք բնակարանային ապահովության խնդրի լուծմա նառաջին քայլը»,- ասված վարչապետը։
Պետություն- մասնավոր հատված համագործակցությանը վերաբերող  հերթական նախագիծը ևս հավանության արժանացավ։ Կառավարությունը համաձայնություն  տվեց, որպեսզի  Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում, ավելի քան հազար քառ. մետր մակերեսով հողամասը նվիրաբերվի  «Երևան, իմ սեր» հիմնադրամին` բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով։
Նախատեսվում է կառուցել երեք ցածրահարկ շենք, որոնցից մեկում գործելու է կարիքավոր ընտանիքների լսողության խնդիր ունեցող երեխաների կենտրոն, մյուսն անվճար հատկացվելու է միայնակ մայրերի և երեխաների կարիքներին, երրորդն  իբրև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օժանդակ շինություն տրամադրվելու է եկեղեցու սպասավորների և համայնքի կարիքներին։
Համանման երկրորդ բարեգործական ծրագիրն իրականացվելու է Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ։ Պետություն-մասնավոր հատված համագործակցութունը կառավարության ղեկավարը հատկապես ընդգծեց։

«Սա պետություն- մասնավոր համագործակցությամբ իրականացվող ծրագիր է, որտեղ պետության մասնակցությունն էական տեսակարար կշիռ ունի։ Այսօրվա որոշումով մենք շուկայական արժեքով շուրջ 400 մլն դրամի գույք ենք հանձնում հիմնադրամին, որպեսզի ծրագիրն իրականանա։Բացի այդ՝ հիշում եք, որ ծրագիրը գտնվում էր հանրապետության նախագահի անմիջական հովանու ներքո, ինչի շնորհիվ էլ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝  նաև Ռուսաստանի հայ գործարարները ֆինանսական միջոցներ հատկացրին ծրագրի իրականացման համար։ Այսինքն՝ սա համատեղ ջանքերով իրականացվող ծրագիր է», — հավելել է վարչապետը։

Աշխատանքային այս շաբաթն սկսվել էր նախագահի նստավայրի մոտ ատամնաբույժների բողոքի ակցիայով: Նրանք դժգոհում են հարկային նոր բեռից, որը վերջիններիս  որպես անակնկալ մատուցվեց այս տարվա հունվարի մեկից:
Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողներին տեղեկացրել է, որ հանդիպել է ատամնաբույժների հետ, խնդիրները քննարկվում են: նախարարը չի բացառել, որ միգուցե նախագիծը հաստատվել է առանց ատամնաբույժների: Անձամբ նախարարը կարծում է, որ պարզաբանման կարիք ունեցող հարցեր կան:

«Կան հարցեր, որոնք։  իմ կարծիքով։  կրկնակի են դրված հարկային դաշտում։ Մասնավորապես՝ ռենտգեն ծառայությունը, օրթոպետիկ տեխնիկական սեղանները կամ աթոռները»,- պարզաբանման հարցերը մասնավորեցրեց նախարարը։
Ատամնաբույժները դժգոհում են, որ նախագիծը հաստատվել է առանց նրանց հետ հանդիպում- քննարկում կազմակերպելու: Ոլորտի պատասխանատուն ևս սա չբացառեց՝ խորհուրդ տալով ահրցերն ուղղել ֆինանսների նախարարությանը:

Թողնել պատասխան

Back to top button