ԿարևորՀասարակություն

Հարսանիք՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր հարսանիք է: Դատապարտյալներից մեկը` 44-ամյա Գ. Մ.-ն, այսօր ոչ միայն դառնում է 45 տարեկան, այլեւ ամուսնանում է: Տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով, տեղի է ունենալու իսկական հարսանիք, կլինեն հյուրեր: Քավորն էլ դատապարտյալներից մեկն է լինելու: Գոռ Ղլեչյանը նշել է, որ անցկացվելու է եկեղեցական արարողություն, կալանավայրի հոգեւոր տեսուչը` Հայր Ռուբենը հիմնարկի խաչքարի մոտ կօրհնի նրանց միությունը: Քաղաքացիական ակտերի գրանցման ծառայության ներկայացուցիչ եւս հրավիրվել է, որպեսզի գրանցի նրանց միությունը: Գոռ Ղլեչյանը նշել է, որ  դրանից հետո նորապսակներին կտրվի մեղրամիս՝ երկարաժամկետ տեսակցություն, սակայն կոնկրետ օրերի քանակն առայժմ հայտնի չէ: Նա մանրամասնել է, որ նրանց կտրվի առանձին սենյակ եւ նվազագույնը երեք օր նրանք կվայելեն ամուսնական կյանքը: Ի դեպ, դատապարտյալը չի ցանկացել, որպեսզի իր հարսանիքը տեսանկարահանվի:
Նշենք, որ Գ. Մ.-ն ծանր հանցագործության համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման. Պատժի 8 տարին նա արդեն կրել է, եւս 7 տարի էլ դեռ պետք է անազատության մեջ անցկացնի: Տեղեկացնենք նաև, որ հարսնացուն կալանավորներից չէ. զույգը ծանոթացել է քաղաքացիական կյանքում:

Թողնել պատասխան

Back to top button