Քաղաքական

ԿԸՀ- ում բաշխվեցին անվճար եւ վճարովի եթերաժամերը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին վերաբերող կազմակերպական  հարցեր են քննարկվել.   սահմանվել է նախագահի  թեկանծուներին Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը,  խորհրդարանական կուսակցությունների միջև բաշխել է ընտրական հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոնները,  նաև որոշել է 5 քառակուսի մետրը գերազանցող քարոզչական պաստառներ փակցենլու կարգը:

Նախագահի թեկնածուներից Արամ Հարությունյանը թեև նախապես հայտ էր ներկայացրել այդպիսի  քարոզչական պաստառներից օգտվելու համար, այսօր սակայն հրաժարվեց դրանցից և հայտարարեց, որ նպատակահարամար է համարում պաստառների  վարձակալության համար անհրաժեշտ գումարը ծախսել վճարովի եթերաժամից օգտվելու համար:
Նա, ի դեպ, նախագահի միակ թեկնածուն էր, ով անձամբ էր մասնակցում ԿԸՀ այսօրվա հերթական նիստին:
Իսկ հանձանժողովն այսօր կազմակերպական հարցեր էր քննարկում, որոշում էր Հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ վճարովի և անվճար եթերաժամերից թեկանծուների օգտվելու կարգն ու ժամանակացույցը:
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ հանրապետության նախագահի թեկնածուներն ունեն հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի, այդ թվում՝ ուղիղ եթերով օգտվելու իրավունք:
Օրենսգիրքը պարտադիր պահանջ է ամրագրում, ըստ որի, Հանրային հեռուստաընկերությունը քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածուներին 60 րոպե անվճար և մինչ 120 վճարովի եթերաժամ է տրամադրում, իսկ Հանրային ռադիոն՝ 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի եթերաժամ։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկորչյանն այսօրվա նիստին տեղեկացրեց, որ վճարովի և անվճար եթերաժամերից օգտվելու կարգը հիմնականում նույնն է, ինչ եղել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
«Սահմանվում է, որ քարոզարշավի ժամերը Հանրային հեռուստաընկերությամբ կսկսվեն 18-ից, իսկ Հանրային ռադիոյով եթերաժամը տրամադրվում է օրական երկու անգամ ՝  13.30-ից և 21.40-ից»»,- ասաց նա։

Արդեն հայտնի է, որ Հանրային հեռուստաընկերության վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը 80 հազար դրամ է, իսկ Հանրային ռադիոյինը` 3 հազար 600 դրամ: Երկու դեպքում էլ՝ ԱԱՀ-ն սակագներում ներառված է:
Ըստ ԿԸՀ որոշման՝  թեկնածուները նախ կսպառեն անվճար րոպները, ապա կանցնեն վճարովի եթերաժամին:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում եթերաժամերից թեկնածուների օգտվելու հերթականությունը սահմանվում է վիճակահանությամբ:
Ինչ վերաբերում է մասնավոր հեռուստաընկերություններին, ապա, ըստ ԿԸՀ-ում հրապարակված տվյալների, նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը ամենաթանկը սահմանել է «Շանթ» հեռուստաընկերությունը՝ րոպեն 120 հազար դրամ, ամենէժանը «Իջևան» հեռուստաընկերությունը՝ րոպեն 3 հազար դրամ:

Հիշեցնեմ, որ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին և կտևի մինչև փետրվարի 16-ը:

Թողնել պատասխան

Back to top button