ԿարևորՔաղաքական

Բոլոր թեկնածուները պայքարում են 2- րդ տեղի համար, ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում այսօր համացանցային մամուլի ասուլիսում պատասխանել է հայ և ադրբեջանցի լրագրողների հարցերին:
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը խիստ հավանական է համարում, որ նախընտրական արշավի ընթացքում նա կներկայացնի կառավարության և դատական իշխանության իր պատկերացրած կազմն ու բովանդակությությունը: Հովհաննիսյանը ընդգծեց, որ իր մասնակցությունը նախագահական ընտրապայքարին ինքնաառաջադրման արդյունք է, ոչ թե կուսակցական որոշման հիմքով: Այս պարագայում նա ակնկալում է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը:

Նախագահի թեկնածուն վստահություն հայտնեց, որ հարյուր հազարավոր հայաստանցիներ ցանկանում են փոփոխություններ իրականացնել երկրում, ինչի համար պետք է մասնակցեն փետրվարի 18-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին` անկախ նրանից, թե ում օգտին կքվեարկեն:

Հովհաննիսյանը որպես սուտ բնորոշեց որոշ ընդդիմադիր շրջանակների պնդումները, թե իր և Հրանտ Բագրատյանի մասնակցությունը ընտրություններում իբր թելադրված է իշխանությունների կողմից:
Ի վերջո՝ բոլոր թեկնածուները, այդ թվում և գործող նախագահ Սերժ Սարգսյանը, պայքարում են երկրորդ տեղի համար, իսկ առաջինը պետք է լինի ՀՀ քաղաքացին, նշեց բանախոսը:

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը բացասական և անհետաձգելի փոփոխությունների ենթակա համարեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման անցած 5 տարիները: Նա կարևորեց փետրվարի 18-ին «դե-յուրե» նախագահի ընտրությունը, որը արժանի կլինի ստանալ շնորհավորանքներ երկրի բոլոր քաղաքացիներից, ինչը չի եղել 1991 թվականից ի վեր:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներում, ըստ նախագահի թեկնածուի, Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ ժողովորդները պետք է պատրաստ լինեն խաղաղ, բարիդրացիական գոյատևման արժեքների նույն համակարգում: Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ ռազմական լուծումը, որի կողմ հանդես է գալիս ադրբեջանական կողմը, անընդունելի է:

Անդրադառնալով  ազատդեմոկրատների հետ առկա խնդիրներին՝ «Ժառանգության» առաջնորդը նշեց, որ դրանց հիմնական պատճառը մեկ մարդու` Խաչատուր Քոքոբելյանի պահվածքն է:
Այս առումով Հովհաննիսյանը սխալ չհամարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մասնակցությունը «Ժառանգության» ցուցակում խորհրդարանական ընտրություններում:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button