ԿարևորՀասարակություն

Աղետի գոտին մնում է առաջնահերթ քաղաքաշինության նախարարության համար

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Քաղաքաշինության նախարարության համար աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին պետական աջակցությամբ բնակարաններով ապահովելու հարցն առաջնահերթ է, վստահեցրեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Բնակապահովման ծրագրի երրորդ փուլն իրականացվել է անցնող տարում, Գյումրիում 1756 ընտանիքի տրամադրվել է բնակարա «Մուշ 2-2» և «Անի» թաղամասերում, հիշեցրել է նախարարն ու տեղեկացրել, որ մինչ ծրագրի ավարտը ևս 1700 ընտանիք բնակարանամուտ կտոնի:  Ծրագրի արժեքը 85 մլրդ դրամ է։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե  ինչպես է ստացվել, որ շատ անօթևան ընտանիքներ բնակարանաշինության ծրագրում չեն ընդգրկվել: Նրանց մի մասը ծրագրի իրագործման ընթացքում ՀՀ-ում չի գտնվել ու դուրս է մնացել ծրագրից, մյուս մասն էլ չի համապատասխանել ծրագրի չափանիշներին, պարզաբանեց նախարարը։

Առաջիկա տարվա ընթացքում նախատեսված է շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազա ստեղծել, գույքագրում անել ու անձնագրավորել շենք-շինությունները, նախատեսված է 5 տարվա ընթացքում 22 հազար բազմաբնակարան շենք անձնագրավորել տեղեկացրեց նախարարը:
Իսկ տեղյա՞կ է արդյոք նախարարը, որ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող բոլորիս քաջ հայտնի Փակ շուկայում շինաշխատանքներ են ընթանում այն դեպքում, երբ  նախագիծ ներկայացված չէ հարցրեցին լրագրողները։

Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայում շինարարությունը թույլատրված է Երևանի քաղաքապետի կողմից, սակայն միայն զրոյական նիշի հատվածի համար, հայտնեց Սամվել Թադևոսյանը:
«Ներկայումս փորձում են պատերի ամրացման աշխատանքներ տանել, կարծում եմ՝ մինչև տարեվերջ կհաստատվի նախագիծը»,- ասաց նախարարը:
Հարցին, թե նախագիծը դեռ հաստատված չէ, ապա այդ դեպքում ինչո՞ւ տարածքում չի կանգնեցվում շինարարությունը, նախարարը նշեց, որ այդ հարցը պետք է առաջին հերթին քաղաքապետարանին ուղղել:
«Անձը այստեղ կապ չունի, մենք այդ հարցով դիմել ենք մշակույթի նախարարությանը, ներկայումս հանձնաժողով է ստեղծված, հանձնարարություն է տրված մինչև տարեվերջ ներկայացնել, թե ինչ է այսօր կատարվում Փակ շուկայում: Ուսումնասիրության ավարտից հետո մանրամասն հանրությանը կտեղեկացնեմ»,- նշեց նա:

Ինչևէ՝ շարունակելով ամփոփել անցնող տարվա կատարված աշխատանքները՝ նախարարը ներկայացրեց, որ շինաշխատանքների համար, իր խոսքով, բաց և թափանցիկ մրցույթների կազմակերպման, տեսչական ստուգումների  խստացման միջոցով տնտեսվել է մոտավորապես 600 մլն դրամ, ինչն ուղղվել է պետբյուջե:

Թողնել պատասխան

Back to top button