ԿարևորՍպորտ

Արթուր Աբրահամը կամուսնանա հաջորդ տարի, բայց Հայաստանում բնակություն չի հաստատի

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Ավետիք Աբրահամյանը, նույն ինքը, մարզասերներին քաջ հայտնի` Արթուր Աբրահամը Գերմանիայում ճանաչվել է որպես տարվա լավագույն բռնցքամարտիկ: WBO վարկածով աշխարհի չեմպիոնը, ինչպես միշտ, Ամանորը դիմավորում է հայրենիքում:
Անցնող տարում կայացած չորս մենամարտն էլ մեր հայրենակիցը ավարտեց հաղթանակով, այնպես որ՝ 2012 թվականը Արթուր Աբրահամի համար կարելի է հաջողված համարել:

Պրոֆեսսիոնալ բռցքամարտիկը խոստովանեց, որ ելնելով ռինգ, երբեք չի թերագնահատում իր մրցակիցներին: Մոտակա 3 տարիները Աբրահամը իր ձեռնոցները դեռ չի կախի մեխից: Ըստ նրա՝ տարվա 8 ամիսները նա անց է կացնում քրտնաջան մարզումների և մենամարտերի մեջ:
Գալիք տարի բացի մարզականից 32-ամյա Արթուրը ժամանակ կհատկացնի և անձնականին: Նա հայտնեց, որ 2013 թվականին կամուսնանա: Մարզիկը խոստովանեց, որ չէր ցանկանա, որ իր զավակները զբաղվեին բռնցքամարտով: Իր մարզական ապագան Աբրահամը չի տեսնում մարզչի կարգավիճակում:

Անվանի բռնցքամարտիկը, որը հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, երազում է մի օր ռինգ ելնել հայոց եռագույնով: Արթուրը հայտնեց, որ հետաքրքրությամբ հետևում է հայ երիտասարդ  բռնցքամարտիկների ելույթներին, երբ դիմում են իրեն Գերմանիայում, հնարավորինս փորձում է աջակցել իրենց:
Ի դեպ՝ Աբրահամն ունի ինչպես գերմանական, այնպես էլ հայկական անձնագիր: Այնուամենայնիվ՝ նա մտադիր չէ մշտական բնակություն հաստատել հայրենիքում:

Արթուր Աբրահամը մտադիրչ չէ զբաղվել քաղաքականությամբ, ինչպես, օրինակ ուկրաինացի բռնցքամարտիկներ Կլիչկո եղբայրները, որոնց կուսակցությունը վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղեր ստացավ Ուկրաինայի ռադայում:  Դրա փոխարեն՝ մեր հայրենակիցը կինոյում նկարահանվելու հրավերներ է ստանում։

Թողնել պատասխան

Back to top button