ԿարևորՔաղաքական

Արամ Սարգսյանը որոշել է չառաջադրել իր թեկնածությունը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը որոշել է չառաջադրել իր թեկնածությունը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին Արամ Զավենի Սարգսյանը հայտարարել է կուսակցության այսօր կայացած համագումարում ունեցած իր ելույթում: «Հուսով եմ չառաջադրվելս ասելիքի կամ կամքի բացակայության հետեւանք չեք համարի, ներողություն եմ  խնդրում այն կուսակիցներից եւ համակիրներից, ովքեր համոզում էին առաջադրվել»,- շեշտել է նա: Հանրապետություն կուսակցության 6-րդ համագումարում քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը արձանագրեց, որ ՀԱԿ-ի շրջանակներում պայքարը բավականին երկար ժամանակ ստվերել էր հանրապետություն կուսակցության անդամների կուսակցական գործունեությունը: Այդուամենայնիվ, Սուրեն Աբրահամյանի ձեւակերպմամբ, իրենք միշտ միակամ են եղել ամենակարեւոր` գաղափարական հարցում: Կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանի ունեցած ելույթը կարելի է բաժանել երկու մասի: Անդրադառնալով այսօրվա իրավիճակին` նա արձանագրեց, որ դրա համար մեղավոր է ամբողջ քաղաքական դաշտը: Արամ Սարգսյանն արձանագրում է, որ ոչ մի խնդիր լուծված չէ, ոչ մի անելիք արվածների թվում չես գրանցի:

Իր խոսքի առաջին հատվածում որպես հիմնական մեղավոր Հանրապետություն կուսակցության ղեկավարը առանձնացրեց իշխանությանը: Նա բավականին բուռն քննադատության ենթարկեց իշխանությունների գործունեությունը բոլոր ոլորտներում` հատկապես արտաքին եւ տնտեսական: Հանրապետություն կուսակցության նախագահի ելույթի երկրորդ հատվածում քննադատության բաժին էր վերապահված նաեւ ընդդիմությանը: Արամ Սարգսյանը ընդդիմությանը մասնավորապես մեղադրեց իշխանության կազմակերպած ինտրիգների դաշտ ներքաշվելու մեջ:

Ելույթի ավարտական մասում էլ Արամ Սարգսյանն ասաց, որ ելնելով այդ ամենից որոշել է չառաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում, քանի որ նախ` հեռու է այն կարծիքից, որ սպասվող ընտրություները որակապես ավելի լավն են լինելու եւ նպաստելու են երկրի զարգացմանը: Արամ Սարգսյանի ձեւակերպմամբ` իշխանության համար սպասվող ընտրությունները հերթական վերարտադրության ակցիա են:

Հանրապետություն կուսակցության նախագահը շեշտեց, որ ոչ են ասում իշխանություններին եւ նախագահական ընտրություններն ու դրանց հետեւանքներն իր ղեկավարած կուսակցությունն օգտագործելու է` ազատական գաղափարախոսություն ունեցող ուժերին համախմվելու համար, իսկ փետվարի 18-ից հետո մասնակցելու են բոլոր քաղաքական գործընթացներին` հաղթելու վճռականությամբ:

Ինչ վերաբերում է որեւէ թեկնածուի սատարելուն, ապա «Հանրապետության» ղեկավարն աասց, որ ինքը կգնա եւ կկատարի իր փակ, գաղտնի քվեարկությունը, կուսակցության անդամների մի մասը ցանկանում է բոյկոտել ընտրությունները եւ բոլորին դեմ քվեարկել: Որեւէ թեկնածուին սատարելու մասին որոշում կուսակցությունը չունի:

Թողնել պատասխան

Back to top button