ԿարևորՔաղաքական

Իրադարձությունները լավատեսության հիմք չեն, հայտարարել է Հայաստանի նախագահը

Սիրիայում ռազմական հակամարտությունն ապակայունացնում է ողջ Մերձավոր Արեւելքը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի մոսկովյան այսօրվա նիստում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Իր ելույթում նա նշել է, որ  սիրական ճգնաժամում Հայաստանը հանդես է գալիս արյունահեղությունն անհապաղ դադարեցնելու եւ խաղաղ կարգավորման հասնելու դիրքորոշմամբ, հայտնում է «Ռեգնումը»։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ տարածքի հարեւանությամբ տեղի ունեցող իրադարձությունները լավատեսական կանխատեսումների հիմք չեն տալիս։ Այս առումով Հայաստանի նախագահն արձանագրել է լարվածության աճ Աֆղանստանի, Իրանի եւ Սիրիայի շուրջը։

Նա նաեւ ընդգծել է, որ Սիրիայում կա հայկական մեծ համայնք։ «Նրանք ցեղասպանությունից հրաշքով փրկվածների երեխաներն ու թոռներն են։ Տասնյակ հազարավոր հայեր դարձել են Սիրիայի հասարակության անբաժան մասը՝ իրենց ներդրումը բերելով երկրի զարգացման եւ ամրապնդման գործին»-, ասել է Սերժ Սարգսյանկ։

Նա հայտնել է, որ արդեն վեց հազար սիրիահայ է ապաստանել Հայաստանում եւ նրանց թիվը կարող է աճել։ «Մենք կօգնենք սիրիահայերին Հալեպում եւ Երեւանում»,- հայտարարել է Հայաստանի նախագահը։

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ հայ- իրանական հարաբերություններին՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է ընդարձակել իր տնտեսական հարաբերություններն այս երկրի հետ։ Այս առումով նա հայտնել է, որ մի քանի շաբաթ առաջ սկսվել է հայ- իրանական սահմանում նոր հզոր հիդրոէլեկտրակայանի շինարարության աշխատանքները։

Թողնել պատասխան

Back to top button