ԿարևորՔաղաքական

Դեմկուսի առաջնորդն այս ընտրություններին չի մասնակցի

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Գալիք տարվա փետրվարի 18-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանդես չի գա սեփական թեկնածուով, այսօր լրագրողներին տեղեկացրեց դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը:
Ըստ նրա՝ կուսակցությունը կհայտնի իր նախընտրական  նախապատվության մասին հունվարի կեսին կայանալիք Հանրապետական խորհրդի ընդլայնված նիստում:
Արամ Սարգսյանն արդեն երեք անգամ առաջադրվել է նախագահի թեկնածու, սակայն 2013-ին որոշել է ձեռնպահ մնալ ընտրապայքար ծավալելուց:

«Իրավիճակն այնպիսին է, որ նոր քաղաքական օրակարգ պետք է ձևավորվի, հաշվի առնելով, որ  նախագահական ընտրությունները նմանվելու են մեկ անձի ընտրարշավի»,- ասում է նա։

Ըստ դեմկուսի առաջնորդի՝ քաղաքական և գաղափարական մրցակցության բացակայության պայմաններում գործող նախագահ Սերժ Սարգսյանը ընտրությունների արդյունքում  կտոնի հաղթանակ և երկրորդ անգամ  կստանձնի երկրի ղեկավարի պաշտոնը:
Մնում է անպատասխան այն հարցը, թե ընտրողների քանի տոկոս ձայն կհավաքի նա, նշեց քաղաքական գործիչը:

«ՀՀԿ համագումարի գործող նախագահի ելույթից ենթադրում եմ, որ երկրորդ ժամկետը Սերժ Սարգսյանին տալիս է հնարավորություն նախապատրաստել երկիրը համակարգային փոփոխությունների»,- կարծում է Արամ Սարգսյանը։

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ գործող նախագահին այնուամենայնիվ չի հաջողվի իրականացնել ակնկալվող համակարգային բարեփոխումները, որոնք պետք է ապահովեն առաջին հերթին արդարության վերահաստատումը երկրում: Գալիք տարի կձևավորվի նոր քաղաքական օրակակարգ, ասում է Գասպարիչը։

Մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումը՝ դեմկուսի առաջնորդը նկատեց, որ բիզնեսով զբաղվող մարդը առաջնահերթ մտածում է սեփականության պահպանման մասին, և այդպես էլ եղավ:

«Քաղաքական պայքարում պետք է լինեն քաղաքական դեմքեր»,- նկատեց նա։

Որոշ ինտրիգ ընտրություններում կարող է առաջացնել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը, սակայն, այնուամենայնիվ, ընդդիմությանը չի հաջողվի միավորվել, ընդգծեց Արամ Սարգսյանը: Նա մասնավորապես կտրականապես բացառեց ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի միավորումը՝ հյաշվի առնելով ոչ վաղ անցյալի պատմության պահերը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք ՀՅԴ գործունեությունը դադարեցվեց։

Թողնել պատասխան

Back to top button