ԿարևորՔաղաքական

Գալուստ Սահակյանը բացասական է վերաբերում Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան առանձնազրույցի գաղտնալսմանը

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դեմ է, երբ մարդկանց թաքուն հետևում կամ թաքուն նկարում են և շատ բացասական է վերաբերում Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան առանձնազրույցի գաղտնալսմանը, առավել ևս, որ Հայաստանի օրենքները նման բան թույլ չեն տալիս. «Ես դեմ եմ, երբ այդպես փորձում են ինչ-որ խնդիրներ լուծել: Յուրաքանչյուր անձ իր ներաշխարհն ունի, որի չակերտները բացելով՝ դառնում է կամ ձանձրալի կամ զազրելի իրողություն»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գալուստ Սահակյանը: Իսկ թե ո՞վ է արել այդ ձայնագրությունը, Հանրապետական գործիչը դժվարացել է կոնկրետ անուններ հնչեցնելուց՝ նշելով, որ Զուրաբյանն ու Օսկանյանն իրենք պետք է կասկածեն, թե ով է հեղինակը: Ինչ վերաբերում է վարկածին, թե Ազգային անվտանգության ծառայությունն է հեղինակը, ապա Գալուստ Սահայանը նշել է, թե չի կարծում, որ դա այդպես է, քանի որ էական ոչինչ չի տեսնում այդ խոսակցության մեջ: «ԱԱԾ-ին հետաքրքրում է ազգային անվտանգությունը, իսկ նրանք մեր ազգի համար վտանգավոր չեն»,-ասել է խմբակցության ղեկավարը: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք համամիտ չէ՞, որ զրույցի գաղտնազերծումն առաջին հերթին ձեռնտու է իշխանություններին, Գալուստ Սահակյանն ասել է. «Իշխանությանը պետք չէ մեղադրել, բայց իշխանությունն էլ պատասխանատու է նման իրավիճակների համար»:

Հիշեցնենք՝ համացանցում է հայտնվել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությունը: Դրանում նրանք քննարկում են գալիք նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով մասնակցելու և այլ խնդիրների վերաբերյալ համատեղ մարտավարական քայլեր: Լեւոն Զուրաբյանը հայտարարություն էր տարածել եւ գաղտնասման համար մեղադրել Ազգային անվտանգության ծառայությանը: Ծառայության մամուլի խոսնակը, արձագանքելով այդ հայտարարությանը, այսօր իր հերթին հայտարարել է, որ իր ներկայացրած գերատեսչությունը չէր կարող որեւէ առնչություն ունենալ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսման և դրա ձայնագրության՝ համացանցում հայտնվելու հետ: Ազգային անվտանգության ծառայության մամլո քարտուղար Արծվին Բաղրամյանի խոսքով, բոլոր մեղադրանքները մտացածին են եւ անհիմն:

Թողնել պատասխան

Back to top button