ԿարևորՏնտեսական

Գազին օդ չենք խառնում. դա ռումբ է,-ասել է Հայռուսգազարդի փոխտնօերնը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Վերջին տարիներին սպառողներին  ամենահուզող հարցերից է դարձել գազի ջերմատվությունը: Շատերը համոզված են, որ կապույտ վառելիքը պակաս է տաքացնում, քան առաջ, մյուսները պնդում են, որ մատակարարը գազին օդ է խառնում: Այս և այլ նմանատիպ հարցերի պարզաբանման նպատակով «ՀայՌուսգազարդ» ընկերությունում այսօր հրավիրվել էր կլոր սեղան, որին մասնակցում էին ինչպես ընկերության պատասխանատուները, այնպես էլ պետական պատկան մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մեզանում կայացած կարծիք կա, որ մատակարարվող գազին օդ է խառնված, և հենց այս խառնուրդն է վառվում մեր գազօջախներում: Եթե այս կարծիքը համապատասխաներ իրողությանը, ապա մենք կունենայինք գերպայթունավտանգ  իրավիճակ: Համենայն դեպս, այս մասին այսօր հստակ ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը:

Մեր երկիր ներկրվող ռուսական բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին, ըստ որի սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր կապույտ վառելիքի ջերմատվությունը չի կարող լինել 7600 կիլոկալորիայից ցածր:

Գազի կալորիականության աստիճանը վերահսկվում է վրացական տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» և սահմանին գտնվող «Կողբ» գազաչափիչ կայաններում: Այդ ցուցանիշը երբեք 8000 կիլոկալորիայից պակաս չի եղել, հավաստիցնում է «ՀայՌուսգազարդ»-ի փոխտնօրենը: Ավելին, բնական գազի ջերմատվության ցուցանիշները պարբերաբար տպագրվում են մամուլում:

Գազի սակագնի բարձրացման եւ  նոր սակագնի շուրջ «ՀայՌուսգազարդ»-ը դեռ հայտ չի ներկայացնում, քանի որ ըստ ընկերության պատասխանատուների, բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են:

Թողնել պատասխան

Back to top button