ԿարևորՀասարակություն

Սննդամթերքի թանկացում Ամանորին անխուսափելիորեն լինելու է

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Աղաղակող վիճակ չի լինի, սակայն, սննդամթերքի թանկացում Ամանորին անխուսափելիորեն լինելու է: Այս դիտարկումն այսօր լրագրողներին ներկայացրել է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նա անդրադարձել է ամանորյա թանկացումներին` նշելով, որ թանկացումների պատճառները շատ են, սակայն, ամենագլխավոր պատճառը գերկենտրոնացումն է: Սպառողների ասոցիացիայի նախագահի խոսքով` Հայաստանի տնտեսության մեջ գումարների 50 տոկոսը շրջանցում է պետական բյուջեն, ինչը նրա բնորոշմամբ, կոռուպցիա է:

Վերջին տարիներին Ամանորի նախաշեմին շուկայում դրական միտում նկատվում է և, ըստ Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի, թանկացումները ավելի մեղմ են լինում, գների թռիչքը լինում է ավելի քիչ:Նրա փոխանցմամբ` գները վերահսկելի են, իսկ ներկա անվերահսկելի վիճակը կապված է ոլորտի գերկենտրոնացման հետ: Գերատեսչություններն ունենում են գերատեսչական շահեր եւ չկա միասնական հավասարակշռված մոտեցում` նկատում է Արմեն Պողոսյանը: Ըստ նրա` հենց դա է հիմնական պատճառը, որ գները թանկանում են, ինչը հնարավոր չէ կարգավորել:

Սակայն` Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավարը նաեւ նկատում է, որ նման վիճակ հնարավոր է միայն, Աստված մի արասցե, պատերազմական իրավիճակում: Հետեւաբար, Արմեն Պողոսյանը կարծում է, որ պետք է օրենքում ձեւակերպումն այնպես ամրագրել, որ դա օպերատիվ կիրառական գործիք դառնար:

Սպառողների ասոցիացիայի նախագահը նաեւ գների անվերահսկելի աճի հիմնական պատճառը գերկենտրոնացումն է համարում: Խոշորները թելադրում են` շուկայից դուրս մղելով փոքրերին, մինչդեռ, ըստ բանախոսի, պետության զարգացման հիմնական կռվանը փոքրերի զարգացումն է եւ պետությունը պետք է հովանավորի դա: Դա քաղաքական խնդիր է` հավելեց Սպառողների ասոցիացիայի նախագահը: Գների աճի այլ պատճառներ, ըստ նրա, նույնպես կան, սակայն կան նաեւ լծակներ այդ խնդիրները լուծելու: Արմեն Պողոսյանի խոսքով` քայլեր կատարվում են, սակայն, դրանք անբավարար են եւ տեմպերը չափազանց դանդաղ:

 

 

 

Թողնել պատասխան

Back to top button