ԿարևորՔաղաքական

Եվրոպական երկրների հայ դեսպանները Փարիզում հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 9-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրել է Եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը: Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից հեռացած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի հիշատակը։ Խոսելով Կարինե Ղազինյանի մասին` նախարար Նալբանդյանը նշել է, որ նրա մահը մեծ հարված էր Հայաստանի դիվանագիտական ծառայությանը, որի նվիրյալներից էր նա։ «Մեծ է Կարինե Ղազինյանի ավանդը Հայաստանի և եվրոպական մի շարք երկրների, ինչպես նաև Եվրոպական Միության հետ հարաբերությունների զարգացման գործում, նա բոլորի կողմից խորը հարգանք և մեծ համակրանք էր վայելում»,- շեշտել է նախարար Նալբանդյանը։ Խորհրդակցությանը անդրադարձ է արվել նախորդ տարվա օգոստոսին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը, մեկ տարի առաջ կայացած դեսպանաժողովին քննարկման առարկա դարձած ոլորտներում արձանագրված արդյունքներին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպաններին է ներկայացրել մեր երկրի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, անդրադարձել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Դուբլինում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, մեկ շաբաթից Բրյուսելում կայանալիք Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության խորհրդին քննարկվելիք հարցերին, Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:  Էդվարդ Նալբանդյանը հանձնարարականներ է տվել միջազգային կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման և կազմակերպությունների հետ համագործակցության խորացման, եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականցվելիք աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպմանը հատուկ շեշտադրում է արվել դեսպանությունների գործունեության տնտեսական բաղադրիչի, միջխորհրդարանական կապերի զարգացման, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման, տեղեկատվական դաշտում աշխատանքների վրա։ Խորհրդակցության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցրել դեսպանությունների հյուպատոսական ծառայությունների մակարդակի, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցերը: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկել են մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button