ԿարևորՄշակույթ

Միջազգային «Արփա» կինոփառատոնը նշեց իր ստեղծման 15 ամյակը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»

ԱՄՆ

Արդեն 15 տարի կինոյի համաշխարհային մայրաքաղաքում կազմակերպվում է միջազգային «Արփա» կինոփառատոնը: Հիմնադիրները հայեր են: Նրանց նպատակն է` աջակցել աշխարհի տարբեր երկրներից Հոլիվուդ ժամանող սկսնակ արվեստագետներին` մեծ էկրանին ներկայացնել ասելիքը: Արփային վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում են հայաստանցի արվեստագետները:

Հայկական Արփա գետի անունը կրող միջազգային կինոփառատոնը նշեց ստեղծման 15 ամյակը: Հոլիվուդյան չափանիշներով կազմակերպվող փառատոնն այս տարիների ընթացքում ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած նորահայտ կինոգործիչների ստեղծագործություններ` նրանց օգնելով ներկայանալ հոլիվուդյան հանդիսատեսին և հնարավորություն ստանալ կապեր ստեղծել ոլորտի հայտնի արտիստների հետ:

Անկախ ֆիլմերի փառատոնը հենց այն վայրն է, որտեղ ծնվում են նոր տաղանդներ, նոր դեմքեր, հենց այստեղ է հնարավոր շփվել հաղորդակցվել տարբեր երկրներից ժամանած արտիստերի հետ արվեստի լեզվով` անկախ մաշկի գույնից, կրոնից ու լեզվից,- ասում է հոլիվուդյան դերասանուհի Ֆրենսիս Ֆիշերը:

Կինոփառատոնին այս տարի մասնակցեց 18 երկրից ներկայացված 60 ֆիլմ` կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիա, փաստագրություն, երաժշտական ֆիլմ ժանրերում: Դրանք փառատոնի 4 օրերի ընթացքում ցուցադրվեցին հայտնի Եգիպտական թատրոնում: Հիմնադիր Սիլվիա Մինասյանը գոհունակությամբ է նշում, որ ամեն տարի փառատոնին ավելի շատ հայեր են մասնակցում` առաջին քայլերն անելով դեպի հոլիվուդյան կինոաշխարհ: Արփա կինոփառատոնին առաջին անգամ մասնակցեց դերասան Միքայել Պողոսյանը և արժանացավ Տարվա դերասան մրցանակին:
Արփայի հանդիսատեսը նրան ճանաչեց միանգամից երկու ֆիլմով` «Կորած-մոլորածը Հայաստանում» և «Եթե բոլորը»: Երկուսն էլ ցուցադրվեցին լեցուն դահլիճներում: «Եթե բոլորը» ֆիլմն ընդգրկված է Օսկար կինոփառատոնի երկար ցանկում` օտար լեզվով լավագույն ֆիլմ անվանակարգում:

Արփա կինոփառատոնի Արմին Վեգների անվան մարդասիրական մրցանակը նույնպես հայ արվեստագետի հանձնցվեց. Այն ստացավ Լուսիներ Սահակյանը` համշենահայերի մասին պատմող ֆիլմի համար: Արփայի մրցանակին արժանացավ նաև Հարավային Կալիֆորնիայի համալսարանի «Շոա» հիմնադրամը, որին հանձնվել է Մայքլ Հակոբյանի արխիվը: Այն պարունակում է վավերագրի 40 տարվա աշխատանքի արդյունքը` ցեղասպանությունից փրկված 400 հայ ականատեսի վկայություն: Արխիվի առաջին նյութը Արմին Վեգների վկայությունն է Հայոց ցեղասպանության մասին: Կինոփառատոնի կազմակերպիչները հույս հայտնեցին, որ անգնահատելի արխիվը շուտով Շոայի ջանքերով կթվայնացվի և բոլորին հասանելի կդառնա համացանցի միջոցով:

Թողնել պատասխան

Back to top button