

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովն այսօր սկսել է հերթական քառօրյայի աշխատանքը: Դեկտեմբերի 3-ից 6-ի նիստերի օրակարգում 5 տասնյակից ավելի օրինագծեր են ու համաձայնագրեր: Օրակարգում է նաև 2013 թ. բյուջեի վերանայված նախագիծը: Նիստերի դահլիճում այսօր քննարկումները կենտրոնացել են մաքսային ու հարկային ոլորտներին վերաբերող օրինագծերի շուրջ:
Մինչ քառօրյայի մեկնարկը նիստ է հրավիրել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը և որոշել մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու Հայ Ազային կոնգրեսի առաջարկի քննարկումը հետաձգել մինչև մեկ տարով:
Մարտիմեկյան հանձնաժողովի մասին
Խորհրդարանական մեծամասնությունը մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը տեսականորեն կողմ է, բայց ոչ հիմա և ոչ բոլոր այն ձևակերպումներով, որոնցով ներկայացել են հեղինակները:
Հանձնաժողովն այսօր որոշեց նախագծի վերաբերյալ եզրակացություն տալու և այն օրակարգ ընդգրկելու հարցի քվեարկությունը հետաձգել մինչև մեկ տարով: Ըստ հանձնաժաղովի նախագահ Դավիթ Հարությունյանի՝ նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը խորհրդարանական մեծամասնությունը նպատակահարմար է գտնում նախագահական ընտրություններից հետո միայն, հակառակ դեպքում հարցը քաղաքականացվելու է:
Հայ ազգային կոնգրեսը համաձայն է մեծամասնության առաջարկին և հարցի քննարկումը հետաձգելուն: Հեղինակներից Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նախագահական ընտրություններից անմիջապես հետո ՀԱԿ-ը հանձնաժողովին դարձյալ կներկայացնի որոշման նախագիծը:
Թեման շարունակվեց ԱԺ նիստերի դահլիճում:
«Ամբողջ Ազգային ժողովի առջև մեծամասնության անունից հստակ խոստում հնչեց, որ նախագահական ընտրություններից հետո ստեղծեվելու է մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ըստ այն օրինագծի, որը ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսը»,- արձանագրելով սա՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրբյանը նաև զգուշացրեց. ՀԱԿ-ն այս որոշումն ընկալում է որպես մեծամասնության կողմից տրված երաշխիք, եթե այլ բան տեղի ունենա, ապա հարցը արտահերթ կհռչակի ու այդ կարգով էլ քննարկման կներկայացվի:
«Դուք հարգելի պատգամավորներ, ստեղծում եք այնպիսի տպավորություն, որ մեծամասնությունը չունի ցանկություն, որ մարտի 1-2-ի դեպքերը բացահայտվեն: Ես ուզում եմ հայտարարել, որ խորհրդարանական մեծամասնությունն է ամենից շահագրգռվածը, որ մարտի 1-2-ի դեպքերը բացահայտվեն մինչև վերջ»,- հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Մի խոսքով՝ կոմպրոմիսը ՀԱԿ-ի ու խորհրդարանական մեծամասնության միջև կայացավ: Կոմպրոմիսից, սակայն, այսօր խորհրդարանում խոսեցին ոչ միայն մարտիմեկյան հանձնաժողովի թեմայով:
ԵՄ- Հայաստան հանձնաժողովի մասին
Բրյուսելից վերադարձել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայ պատվիարկները: Հանձնաժողովի ընդունած եզրափակիչ հայտարարությունը պատվիրակության հայ անդամները հաջողված են գնահատում և համարում են, որ շատ հարցերում առաջնորդվել են կոմպորմիսային լուծումներով՝ չնայած քաղաքական տարբեր թիմեր են ներկայացրել:
«Թեև բազմակուսակցական պատվիրակություն էր, և մենք ունենք մի շարք հարցերի վերաբերյալ տարաձայնություններ, բայց շատ կարևորում ենք, որ կարողացանք հանդես գալ որպես միասնական թիմ: Կարող ենք արձանագրել, որ պատվիրակությունն առաջնորդվել է ՀՀ ազգային շահով»,- ասաց պատվիրակության կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ներկայացնող Ալեքսանդր Արզումանյանը:
Իսկ փաստաթուղթը, որը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության 13-րդ նիստուը ընդունվել է որպես եզրափակիչ հայտարարություն, անդրադառնում է Հյաստան- ԵՄ հարաբերությունների բոլոր առանցքային ոլորտներին:
Ընդհանրապես՝ բարձր է գնահատում վերջին տարիներին Հայաստան- ԵՄ հարաբերությունների ինտենսիվացումը, ողջունում է Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ընթացող բանակցությունների առաջընթացը, նաև ԵՄ-ի և Հայաստանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման արձանագրությունների շուրջ բանակցությունների ավարտը:
Փաստաթուղթն անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ ափսոսանք հայտնելով բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության առթիվ և ընդգծելով առկա ստաուս քվոյի շրջանակներից այն կողմ՝ դեպի անվտանգ ապագա ընթանալու կարևորությունը:
Սամվել Ֆարմանյանի ամփոփոմամբ՝ «արցախյան խնդրի վերաբերյալ Հայաստանն ու միջազգային հանրությունը խոսում են նույն լեզվով»։