Հասարակություն

Քաղաքական քննարկումներ՝ ի հաշիվ մասնագիտականի. պահնորդները բողոքում են

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Հունվարի մեկից ուժի մեջ է մտնելու «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքը: Ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները ահազանգում են, որ օրենքի կիրարկման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծված չեն:  Նրանք մտավախություն ունեն, որ օրենքի ուժի մեջ մտնելու պահից պահնորդական կազմակերպությունները կկանգնեն լուծարման խնդրի առջև, իսկ ոլորտում ներգրավված  10 հազար աշխատակիցները  կհամալրեն գործազուրկների բանակը։
«Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրինագիծն  ընդունվեց  2012թ. փետրվարին:  Նախաձեռնությունն ի սկզբանե Հայ հեղափոխական դաշնակցությանն էր, ապա նախագծին միացավ նաև Հանրապետական խմբակցությունը:
Օրինագծի շուրջ քննարկումները բուռն էին, քանի որ փորձ էր արվում կանոնակարգել թիկնապահների գործունեությունը և իրավական հիմքերի վրա դնել Հայաստանում իր դրսևորումներով  ոչ աննկատ  այս ինստիտուտը:
Արդեն տարվերջին,  երբ մոտ է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, պարզվում է, որ քաղաքական քննարկումներն ընթացել են ի հաշիվ մասնագիտականի։
Հայաստանում պահնորդական գործունեություն իրականացնող 7 ընկերություններ, որոնք միավորում են շուրջ 2500 պահնորդի, ահազանգում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի կիրարկման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծված չեն: Նրանք առաջարկում են հետաձգել օրենքի գործարկումը և փոփոխություններ կատարել օրենսդրական հակասությունները  շտկելու և ընթացակարգերը հստակեցնելու նպատակով։
Իսկ  մտահոգությունները մի քանի կոնկրետ խնդիրների են առնչվում: Օրենքը սահմանում է, որ իրավաբանական անձինք իրավասու են զբաղվելու թիկնապահական և պահնորդական գործունեությամբ միայն լիցենզիայի առկայության դեպքում, «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշեցրեց Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ, թիկնապահներ ուսուցանող կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանը։

Օրենքն ուժի մեջ է մտնում մեկ ամսից, սակայն դեռ չեն ստեղծվել լիցենզավորող հանձնաժողովները, որոնց եզրակացությունների հիման վրա պետք է տրվեն լիցենզիաները։
Չկան նաև  ուսումնական այն  հաստատությունները, որտեղ պետք է որակավորում ստանան այս մասնագետները: Ըստ նախագծի՝ պահնորդներն պետք է ուսուցանվեն նվազագույնը 4 ամիս, իսկ թիկնապահները` նվազագույնը 1 տարի։
Եվ վերջապես՝ օրենքում հստակ տարանջատված չեն «պահնորդ» և «թիկնապահ» հասկացությունները։ Ըստ «Ռադիոլուրի» զրուցակիցների՝ դրանք գործունեության տարբեր ոլորտներ են և պետք է կանոնակարգվեն տարբեր օրենքներով։
Թիկնապահական ինստիտուտի նկատմամբ ցանկացած օրենսդրական խստացում, ըստ նրանց,  արդարացված է։ Նույնը չեն կարծում պահնորդների դեպքում:
«Այսօրվա սոցիալական ծանր պայմաններում ոչ մի պահնորդ չի կարող 4 ամիս չաշխատել և գնալ դասընթացների, որից հետո անցնի որակավորման ստուգում»,- ասում է «Արմոբիլ» ընկերության աշխատակից Տիգրան Հարությունյանը։
Միության անդամներն իրենց առաջարիկները փոխանցել են նաև խորհրդարանականներին: Մտահոգությունների ու առաջարկների շուրջ  աշխատանքային քննարկումները դեռ շարունակվում են, ասաց  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
Ըստ Նահապետյանի՝ լուծումները կուրվագծեն արդեն մոտակա օրերին: Ի դեպ,  նրա կարծիքով ճանապարհներից մեկն էլ իրավիճակին լուծումներ տալն է կառավարության որոշման միջոցով։
ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահն ասաց, որ սկզբունքորեն չի բացառում, որ բոլոր այն խնդիրները, որոնք բարձրացվում են պահնորդների միության կողմից, լուծում ստանան կառավարության որոշմամբ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button