Քաղաքական

ՀԱԿ- ը որոշել է ՍԴ դիմել

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը ձեռնարկել է նոր ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու նպատակով: Ինչպես նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ընդդիմադիր պատգամավորները վիճարկում են ԱԺ կանոնակարգի 44-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության հարցը։
«Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին»,- ասված է այդ հոդվածում։ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ: Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում, նշվում է Սահմանադրության 70-րդ հոդվածում:
Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝  կանոնակարգի վերոնշյալ դրույթը հակասում է երկրի Հիմնական օրենքով ընդդիմությանը տրված իրավունքին` արտահերթ նիստ գումարելու հարցում:
Զուրաբյանը հիշեցրեց՝ նոյեմբերի 21-ին ՀԱԿ նախաձեռնած արտահերթ նիստը տապալվեց խորհրդարանական մեծամասնության բոյկոտի պատճառով:
Պատգամավորը լրագրողների ներկայությամբ դրեց իր ստրագրագրությունը դիմումի տակ: Ընդհանուր առմամբ՝ անհրաժեշտ է 27 ստորագրություն: Նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար հավաքվել էր 48 ստորագրություն, ինչը թույլ է  տալիս հուսալ, որ ՍԴ դիմելու հարցում ստորագրահավաքը չի տապալվի։

Թողնել պատասխան

Back to top button