Հասարակություն

Թանկ գազի պատճառով մարդիկ գերադասում են փայտ վառել

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/211112antar.mp3

«Ապօրինի անտառհատումներ կան աշխարհի բոլոր երկրներում, բացառություն չէ նաև Հայաստանը»,- այսօր ասել է «Հայանռատ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Մարտուն Մաթևոսյանը: Նա նշում է, որ  անտառային համակարգը լուրջ փորձությունների է ենթարկվել 90-ականներից սկսած:
Համատարած մութ ու ցուրտ տարիներին օրինական ու ապօրինի ճանապարհով անտառային բազմաթիվ տարածքներ հատվեցին, մասնավորապես անտառազրկվեցին մեծ բնակավայրերի հարակից անտառները՝ Վանաձորի, Իջևանի անտառային տարածքները:
Վերջին տարիներին հանրապետության գրեթե ողջ տարածքը գազիֆիկացնելուց հետո թվում էր , թե անտառները կփրկվեն համատարած հատումներից, սակայն իրականությունը բոլորովին այլ բան է ասում։
Հատկապես հեռավոր գյուղական բնակավայրերում, որտեղ  բնակվում են հիմնականում  սոցիալապես անապահով ընտանիքներ, այժմ էլ երկնագույն վառելիքի փոխարեն նախապատվությունը տալիս են իրենց բնակարանները  փայտով տաքացնելուն։
Նկատենք, որ  գազի սակագնի հնարավոր փոփոխությունների շուրջ խոսակցությունները շարունակում են արդիական մնալ, իսկ  համապատասխան մարմինները շարունակում են վստահեցնել, որ ՌԴ-ն Հայաստանին արտոնյալ պայմաններով է գազի սակագին սահմանում:
Այդուհանդերձ, եթե գազի սակագինը բարձրանա, բնական է, որ գազի փոխարեն վառելափայտ գերադասող ընտանիքների  շարքերը կհամալրվեն նորերով, զուգահեռաբար կավելանա նաև ապօրինի անտառհատումների թիվը:  Հայանռատ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Մարտուն Մաթևոսյանը կարծում է, որ ապօրինի անտառհատումների դեմ պայքարը պետք է իրացման շուկաներից ու մայրուղիներից  սկսել:

Չնայած հնչող մեղադրանքներին ու բազմաթիվ քննադատություններին՝  ոլորտի պատասխանատուն  վստահեցնում է ,որ Հայաստանի անտառային տարածքների թիվը չի նվազել, ավելին՝ իրենք լծված են անտառատնկման աշխատանքներին ու դրանց կազմակերպմանը:
Որպես օրինակ Մարտուն Մաթևոսյանն առանձնացնում է Թեղուտի անտառածածկի հատման հետևանքները մեղմացնելու կամ վերականգնելու նպատակով իրականացվող աշխատանքները:
Հայաստանի անտառածածկի նկատմամբ տարբեր գնահատականներ էին հնչում: Անցյալ տարի GIZ    կազմակերպությունը ամենաժամանակակից՝ հեռահար զոնդավորման միջոցով պարզել է, որ  Հայաստանն ունի 343 հազար հա անտառածածկ տարածք, որը կազմում է Հայաստանի տարածքի 11,3 տոկոսը:
Անատառածածկը չի վերացել, սակայն այլ խնդիր է անտառային տարածքների  որակավորման փոփոխություններն ու պաշարները, ասում է պաշտոնյան ու հավելում՝ անտառն ունի բնական աճ:

Թողնել պատասխան

Back to top button