ԿարևորՔաղաքական

ՀՀԿ- ն կբոյկոտի ԱԺ արտահերթ նիստը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովի հերթական քառօրյայի աշխատանքներն այսօր ամփոփվեցին ավանդական ճեպազրույցներով: Այս անգամ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները հիմնականում անդրադարձան Պետբյուջե-13-ի նախագծի շուրջ քննարկումներին, ներքաղաքական խորհրդատվություններին և ՀԱԿ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին գումարվելիք խորհրդարանի արտահերթ նիստին:

Պետբյուջեի եւ փոփոխությունների մասին

Պետբյուջե-13- ի նախագծի բարեփոխական առաքելության մասին նախօրեին ակնարկեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով Ազգային Ժողովի լիագումար նիստում: Ինչ արմատական բարեփոխումներ են սպասվում մեր երկրին, վարչապետը չմանրամասնեց, սակայն այս հարցի շուրջ  իրենց պատկերացումներն այսօր ներկայացրեցին խմբակցությունների ներկայացուցիչները:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ արմատական բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական կամք, այլ ոչ թե սահմանափակվել միայն ցանկություններով:

ՀՅԴ խմբացության անդամ Արծվիկ Մինասյանը, ծանոթանալով բյուջեի նախագծին, չի հայտնաբերել այնտեղ բարեփոխումների ակնարկված դրույթները, թեպետ, ըստ նրա, երկիրը կարիք ունի խորը համակարգային բարեփոխումների:

Իր դաշնակցական գործընկերոջ հետ համամիտ է և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը, որը քառօրյայի ընթացքում կոշտ տնտեսագիտական քննադատության արժանացրեց գալիք տարվա 3 հազար էջանոց հիմնական ֆինանսական փաստաթուղթը:

Բարեփոխումների անհրաժեշտությունը չեն հերքում «Օրինաց երկիր» խմբակցությունում:Ըստ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի՝ դրանք հատկապես պահանջված են կառավարման, սոցիալալական և տնտեսական ոլորտներում: Պատգամավորը նշեց, որ բարեփոխական դրույթները ներկայացված են եղել ՕԵԿ նախընտրական ծրագրում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախընտրեց չմեկնաբանել վարչապետի հայտարարությունը: Իսկ ահա ՀԱԿ-ի կողմից նախաձեռնած  նոյեմբերի 21-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ նիստին ՀՀԿ-ն չի մասնակցի: Ինչպես նշեց Գալուստ Սահակյանը՝ բոյկոտելով այն կուսակցությանը «անիմաստության դաշտից հեռու է մնալու»:

ՀՀԿ- ի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիրը» դեռևս չի հստակեցրել իր մասնակցության հարցը: Ինչպես հայտնեց ՀԱԿ- ը ներկայացնող նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, իրենց նախաձեռնությանը միացել են 48 պատգամավոր ` ՀԱԿ- ից, ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից, «Ժառանգությունից» և «Ազատ դեմոկրատներից»: Քվորումի նվազագույն շեմը 66-ն է:
Նշենք, որ գումավելիք արտահերթ նիստի օրակարգում ներառնված է  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

 

Ներկուսակցական խորհրդակցությունների մասին

«Բարգավաճ Հայաստանում» զբաղված են ներքաղաքական խորհրդատվություններով և ներկուսակցական հանդիպումներով: Առաջինի պարագայում, ըստ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ քննարկվում են քաղաքական օրակարգի ձևավորման հարցեր:

Անդրադառնալով ԲՀԿ-ի տարածքային կառույցներրում կայացած հանդիպումներին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր կուսակիցները տեղերում հանդես չեն գալի գալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալու օգտին` ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button