Հասարակություն

Գիտնականին մտահոգում է ոչ թե արեւի, այլ՝ Հայաստանում աստղագիտության խավարումը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Աշխարհի վերջը չի գալու: Ավելի մտահոգիչ են այսօր Հայաստանում աստղագիտության խնդիրները, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Բյուրականի աստղադիտարանի գիտնական Արեգ Միքայելյանը: Նա նման լուրերից ավելի մտահոգիչ է համարում աստղագիտության եւ ընդհանրապես գիտության ներկա վիճակը: Հայաստանն այսօր դեռ հավակնում է վերադարձնել աստղագիտության երբեմնի լուրջ ձեռքբերումները, ինչը, սակայն, պետական ուշադրության կարիք ունի: Լիանա Եղիազարյանի ռեպորտաժը:
***
Մինչ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի բնակիչներն ու հազարավոր զբոսաշրջիկներ այսօր հետևել են արևի լրիվ խավարմանը, որը տևել է ընդամենը 2 րոպե, Հայաստանում դեռ շարունակում են քննարկել` աշխարհի վերջ մոտ օրերին սպասվո՞ւմ է, թե՞ ոչ: Սակայն հայ աստղագետներին այսօր ավելի շատ հետաքրքրում է ոչ թե աշխարհի, այլ՝ Հայաստանում աստղագիտության վերջը։

Բյուրականի աստղադիտարանի գիտնական Արեգ Միքայելյանը աշխարհի վերջի հարցին հումորով է մոտենում, հիշում, որ 2000 թվականից ի վեր արդեն չորս աշխարհի վերջ ապրել ենք Նոստրադամուսի եւ Վանգայի կանխատեսումներով։

2000 թվականը հայտարարել էին աշխարհի վերջ, բայց ավարտ չեղավ, ասացին 2001-ին կլինի: Կարծում եմ այս մեկն էլ կապրենք: Որ մայաների օրացույցն ավարտին է մոտենում, արտառոց ոչինչ չկա, կարծում է աստղագետը: Շատ ժողովուրդներ կան, որոնք ունեն օրացույցներ, և դրանք պարբերաբար մոտենում են ավարտին:
Իսկ ընդհանրապես աշխարհի վերջ հնարավո՞ր է. այս հարցին եւս Արեգ Միքայելյանը վերապահումով է մոտենում:

Գիտնականը նշեց, որ բավական է Արեգակը մեկ տոկոսով շեղվի իր ուղեծրից կաթնասունները կվերանան երկրի երեսից: Իհարկե, դա հնարավոր է, եթե լինի տիեզերական աղետ: Օրինակ՝ դինոզավրերի գոյության վերացումը շատերը բացատրում են հենց ինչ-որ տիեզերական աղետով»,- ասաց նա:

Աստղագիտությունն աստղագուշակությանը մոտեցրած կամ նույնացրած շատերը պատմում են, թե այս տարի մոլորակների շքերթ է լինելու։ Հնարածին զուգահեռ, սակայն, Միքայելյանի խոսքով, տիեզերական տարբեր երեւույթների պետք է լուրջ վերաբերել, սակայն այլ տեսանկյունից:
2013 թ-ի սկզբներին սպասվում է Արեգակի ակտիվություն, ինչը վտանգավոր է մարդկանց առողջության համար: Այդ ժամանակ սրվում են սրտանոթային հիվանդությունները, և նման խնդիրներ ունեցող մարդիկ ավելի զգույշ պետք է լինեն:
«Մենք չենք կարողանում կանխատեսել բռնկման օրերը, դա հնարավոր է անել ընդամենը մի շաբաթ առաջ»,- ասաց նա:
Արեւի խավարումից Արեգ Միքայելյանն անդրադարձավ Հայաստանի աստղագիտության ոլորտի խավարման ռիսկերին: Չնայած տարածաշրջանում շարունակում ենք մնալ որպես գլխավոր աստղագիտական կենտրոն, սակայն  միջազգային ասպարեզում աստղագիտության ոլորտում բավականին զիջել ենք:
Համբարձումյանական համբավն ու բարի ավանդույթները, իհարկե, շարունակվում են ոլորտում, սակայն խնդիրն այն է, որ գիտության մյուս ճյուղերի նման աստղագիտությունը եւս ֆինանսական ապագայով չի հրապուրում երիտասարդներին: Նա համարում է, որ մեր աստղագետները հերոսություն են անում, որ ներկա վիճակում կարողանում են զարգացնել աստղագիտությունը:
50-ամյա Արեգ Միքայելյանը նկատում է, որ իրենից հետո շուրջ 25 տարի հայ աստղագետների նոր սերունդ չի ձեւավորվել: Նոր մասնագետները խիստ երիտասարդ են` հին սերնդից կտրված: Նրան հուսադրում է մեր դպրոցականների հաջողությունները միջազգային օլիմպիադաներում, սակայն պետության լուրջ մոտեցումը գիտության ֆինանսավորման մասով իրեն երկար է սպասել տալիս, իսկ տարիներն ի վնաս են գործում։
«Հայաստանն այն  եզակի երկիրն է, որը լինելով այդքան փոքր, ունի այդքան զարգացած աստղագիտություն: Չնայած դրան՝ նա նշեց, որ պետությունը միջոցներ չի տրամադրում աստղագիտությունն առավել զարգացնելու համար: Մեր պետության կողմից լուրջ մոտեցում չկա գիտության նկատմամբ, դեռ ավելին՝ շատ անպատասխանատու մոտեցում է նկատվում»,-ասաց աստղագետը:

 

Թողնել պատասխան

Back to top button