ԿարևորՀասարակություն

Արդյո՞ք բավարար է 11 միլիարդ 241 միլիոն դրամը մեր երկրում գիտության զարգացման համար

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

2013-ին պետբյուջեից գիտությանը կտրամադրվի մոտ 11 միլիարդ 241 միլիոն դրամ։ Արդյո՞ք սա բավարար է մեր երկրում գերակա ուղղություն հայտարարված գիտության զարգացման համար։ «Իհարկե ոչ»,- ասում է ԳԱԱ անդամ Արթուր Իշխանյանը։ Գիտնականի համոզմամբ, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի զարգացման համար ցանկության դեպքում միջոցներ հնարավոր է գտնել, այլապես խորը ճգնաժամը գիտության ոլորտում անխուսափելի է։ Գիտությանը տրամադրվող վերոնշյալ բյուջեն ոչ միայն բավարար չէ, այլև նկատելիորեն զիջում է այն նվազագույնին, որն անհրաժեշտ է ոլորտի գոյատևման, առավելևս զարգացման համար։ Ըստ ԳԱԱ անդամ Արթուր Իշխանյանի գոյություն ունեն արդեն դասագրքային սահմանումների վերածված հստակ չափորոշիչներ, որոնց համաձայն գիտության զարգացման համար նվազագույն շեմը համարվում է համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսը։ Նշվածից ավելի պակաս միջոցների տրամադրման դեպքում գիտությունն ապրում է հետընթաց։ Այն գումարը, որն այսօր Հայասատնում տրամադրվում է գիտության ոլորտին, վերոնշյալ սկզբունքնեորվ հաշվարկված գումարից պակաս է չորս անգամ:

«Մեր տեղն ու դիրքն աշխարհում ամրապնդելու համար վերջին երկու տասնամյակներին փորձարկել ենք շատ ու շատ բաներ, որպես առաջընթացի հնարվոր տարբերակ որդեգրել ենք ժողովրդավարությունը, շահագործել ու այսօր էլ անխնա շահագործում ենք երկրի ընդերքը։ Տարատեսակ փորձերից հետո ի վերջո համոզվեցինք, որ երկրի իրական առաջընթացի համար մեր հույսը կարող ենք դնել միայն գիտության վրա»,-ասում է Արթուր Իշխանյանը, ով միջոցների սղության մասին պատմությունները զուտ գիտության հանդեպ անտարբեր վերաբերմունքի դրսևորում է համարում։ «Ցանկության դեպքում միջոցներ միշտ էլ կարելի է գտնել»,-համոզված է գիտնականը:

«Գիտությունը հասել է կրիտիկակակն շեմին»,-իր տեսակետը գիտնականը հիմանվորում է թվերով. Խորհրդային Միության փլուզման շրջանում գիտության ոլորտի աշխատողների թիվը Հայաստանում 34 հազար էր, այսօր այդ թիվը երկու անգամ կրճատվել է։ Ակնհայտ է նաև գիտության ոլորտի , այսպես ասած, ծերացումը։ Իշխանյանի համոզմամբ, ընդամենը 4-5 տարի անց միջինը 60-ամյա հայ գիտնականներին, ում շնորհիվ աշխարհում այսօր դեռ առաջատարների թվում ենք, այլևս փոխարինողներ չեն լինի, եթե իհարկե, չվերանայվի գիտության հանդեպ վերաբերմունքը։ Երիտասարդների համար ոլորտ առավել գրավիչ դարձնելու համար գիտությանը տրամադրվող ներկա բյուջեն, ըստ նրա, նվազագույնը պետք է կրկնապատկել:

Թողնել պատասխան

Back to top button