ԿարևորՔաղաքական

Արթուր Բաղդասարյան.«Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են դրական տեմպերով»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են դրական տեմպերով»,- ԵՄ խորհրդատվական խմբի Խորհրդատվական խորհրդի 11-րդ նիստում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, նիստի համանախագահող Արթուր Բաղդասարյանը: Նա նկատել է, որ վերջին երկու ամիսներին տեղի են ունեցել մի շարք կարեւոր իրադարձություններ, որոնք հնարավորություն են տալիս պնդելու, որ կա լավ առաջընթաց, միաժամանակ` բազմաթիվ անելիքներ: Արթուր Բաղդասարյանի գնահատականները կիսել են նաեւ ԵՄ պատվիրակության ղեկավարն ու անդամները: Եվրոպացի պաշտոնյանները խոստովանել են, որ Հայաստանը դիտարկում են որպես ԵՄ-ին ավելի մոտ կանգնելու լուրջ տրամադրվածություն ունեցող երկիր:

Ինչպես հայտնի է` հոկտեմբերին 18-ին Բրյուսելում նախաստորագրվել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը: ԱԽ քարտուղարի փոխանցմամբ` ինքը հույս ունի, որ 2013-ի առաջին կիսամյակում արդեն Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան ԵՄ երկրներ այցելել դյուրացված պայմաններով: Արթուր Բաղդասարյանի գնահատմամբ` այն չափազանց կարեւոր քաղաքական եւ հասարակական նշանակություն ունի: ԱԽ քարտուղարը նաեւ կարեւորում է Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների երկրորդ փուլի հաջող ավարտը:

Հայտնի է նաեւ, որ հոկտեմբերին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի 10-րդ լիագումար նիստը, որտեղ շուրջ 10 ուղղություններով լուրջ առաջընթաց է արձանագրվել: Նշենք, որ այս երեք ուղղություններով բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին Բրյուսելում: Մեր երկրի ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը լավատեսական սպասումներ ունի այդ բանակցություններից:

Այս եռամսյակում` հուլիս-սեպտեմբեր, հաջող ընթացք են ունեցել նաեւ բարեփոխումներով նախատեսված գործողությունները` հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության ազգային ծրագիրը, ինչը կարեւոր է, քանի որ Հայաստանից այդ փաստաթղթի հաստատում էին պահանջում երեք միջազգային կառույց: Բացի այդ` ստեղծվել են մի շարք խմբեր` հարկային եւ մաքսային բարեփոխումների հետ կապված: Այս ամսվա ընթացքում էլ ԱԽ-ն կքննարկի այդ, ինչպես նաեւ սահմանային անցակետերի բարեփոխումների հետ կապված խնդիրները, որոնցում նույնպես ներգրավված է ԵՄ-ն: Սահմանային անցակետերում ներդրվելու է մեկ կանգառի եւ մեկ պատուհանի սկզբունքը:
Ամփոփելով անցած եռամսյակում իրականացված աշխատանքները` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան արձանագրեց, որ ինքը համամիտ է Հայաստանի ԱԽ քարտուղարի` կատարված աշխատանքներին տված գնահատականների հետ: ԵՄ պատվիրակության ղեկավարը, այնուհետեւ հավելեց, թե` ժամանակն առաջ է շարժվում եւ մնում է միայն հուսալ առ լավագույնն ու առաջ շարժվել: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան շեշտեց, որ Հայաստանը ԵՄ համար ռազմավարական կարեւորության գործընկեր է եւ, ակնհայտ է, որ շատ հարցերի նկատմամբ առկա են միեւնույն մոտեցումները եւ, ինքը նույնպես հույս ունի, որ հետագա բանակցությունները դրական ընթացք կունենան, իսկ լավատեսության համար, ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով, լուրջ հիմքեր կան եւ եթե նույն տեմպը շարունակվի, ապա 2013-ին պատրաստ կլինի որոշակի դրական փաթեթ:

Համագործակցության հնարավորությունները կարելի է էլ ավելի շատացնել, վստահ եմ, որ ավելին ավելիի դիմաց սկզբունքի շրջանակում Հայաստանը կարող է բարեփոխումների հանձնառության ճանապարհով էլ ավելի աջակցություն ստանալ` եզրափակեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան: Ելույթ ունեցող եվրոպացի պաշտոնյաները խոստովանեցին, որ Հայաստանում նկատում են ԵՄ-ին ավելի մոտ կանգնելու լուրջ տրամադրվածություն: Այդ տրամադրվածությունը վերահաստատեց Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն առաջարկեց, որ խորհրդատվական խումբը խորհրդատվական ծառայություններ մատուցի նաեւ ԱԺ խմբակցություններին, ինչը կամբողջացնի ԵՄ-Հայաստան համագործակցության ամբողջ ծավալը, առավել եւս, որ խորհրդարանական երեք կուսակցություններ` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու Ժառանգությունը Եվրոպայի ամենաազդեցիկ` ԵԺԿ լիարժեք անդամ են:

Թողնել պատասխան

Back to top button