ԿարևորՏնտեսական

Ներկայացվել է «Հայաստանի տնտեսական զեկույց-2011»-ը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Երեւանում այսօր վաղ առավոտյան մեկնարկել է «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր միտումներ և տեխնոլոգիաներ» խորագրով միջազգային համաժողովը` նվիրված դրամական փոխանցումների համակարգին եւ այդ ուղղությամբ վերջին ձեռքբերումներին: Դրան մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ընդգծել, որ Հայաստանը բանկային համակարգի ամրության եւ դրամական փոխանցումների վստահելիության առումով լուրջ ձեռքբերումներ ունի: Իսկ օրվա երկրորդ կեսին կրկին տնտեսական միջոցառումների շրջանակներում ներկայացվել է «Հայաստանի տնտեսական զեկույց-2011»-ը:

Ողջ աշխարհով մեկ դրամական փոխանցումների հարցերն այսօր Երեւանում էին մեկտեղել ՌԴ, ԱՊՀ, Վրաստանի, Մերձբալթիկայի խոշորագույն բանկերի ղեկավարների, տարբեր երկրների կենտրոնական բանկերի, միջազգային կազմակերպությունների, բանկային ասոցիացիաների, վճարային համակարգերի հարյուրավոր ներկայացուցիչների: «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր միտումներ և տեխնոլոգիաներ» խորագրով միջազգային համաժողովին մասնակցող միայն բանկերի թիվը գերազանցում է 100-ը, դրանց ներկայացուցիչներինը` ավելի քան 150-ը: Համաժողովի շրջանակներում մասնակից երկրներն եւ ֆինանսական կազմակերպությունները քննարկվում են փոխգործակցության կայացման եւ ընդլայնման հարցեր: Համաժողովի հարթակն օգտագործելով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծեց հայաստանյան բանկային համակարգի վերջին տարիների էական ձեռքբերումները եւ ուժեղ բանկային հսկողությունը, ինչի շնորհիվ էլ, ըստ Տիգրան Սարգսյանի, համակարգը կարողացավ հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին հարվածը: Ինչ վերաբերում է դրամական փոխանցումների համակարգին, ապա դրա հուսալիության կարեւորությունը Հայաստանի համար ավելի է ընդգծվում այն առումով, որ հայերի երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս, ովքեր պարբերաբար դրսից գումարներ են փոխանցում Հայաստան. Ընդգծեց վարչապետը:

«Հայաստանը վերջին տարիներին գրանցել է լուրջ առաջընթաց տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի, ինտերնետ ծածկույթի, տարածման եւ գների նվազման, հեռահաղորդակցության ոլորտներում, եւ այս առումով տարածաշրջանում զբաղեցնում է առաջատար դիրքեր»:

Օրվա երկրորդ կեսը եւս տնտեսական թեմատիկ հարթակում էր: Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի կողմից Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության աջակցությամբ ամփոփվել է եւ այսօր ներկայացվեց «Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ը: Զեկույցն ունի թեմատիկ բնույթ, որն ամփոփել է, թե նախորդ տարի Հայաստանը տնտեսական զարգացման ինչպիսի միտումներ է ցուցաբերել, ինչ արդյունքներ է արձանագրել .    «Արտահանողների մոնիտորինգ» հետազոտությունը: Գնահատվել է նաեւ ՀՀ-ԵՄ Ազատ առևտրի համաձայնագրի ազդեցությունը: «Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ն արձանագրել է, մասնավորապես, որ 2011-ին Հայաստանի տնտեսության վերականգնման տեմպը փոքր-ինչ արագացել է. 2010-ի 2.2 տոկոս տնտեսական աճի դիմաց գրանցվել է 4.7 տոկոս աճ: Զեկույցը, սակայն, հիմնվելով նաեւ գերմանացի գործընկերների գնահատումների վրա, ընդգում է, որ, այդուհանդերձ, Հայաստանի տնտեսության վերականգնման տեմպերը բարձր չեն. նախորդ տարվա արդյունքներով` ՀՆԱ-ի նախաճգմաժամային մակարդակը վերականգնվել է ընդամենը 92 տոկոսով: Ընդ որում` տնտեսության վերականգնումն ընթանում է տնտեսության կառուցվածքային ճշգրտումներով եւ կրում է առանձին ոլորտների արտահայտված ազդեցությունը: Զեկույցում տեղ գտած գնահատականներն, ի դեպ, ոչ բոլոր դեպքերում են համընկնում պետական գնահատումներին եւ կարծիքներին: Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը «Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ի ներկայացման ժամանակ ընդգծեց, որ ներկայացված դիտարկումնռերն ամեն դեպքում քննարկվելու եւ հաշվի են առնվելու: Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյան:

Թողնել պատասխան

Back to top button