ԿարևորՀասարակություն

Փլուզում` Խանջյան փողոցում. 11 բանվորից 8-ը հոսպիտալացվել է (Ֆոտոշարք)

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այսօր Խանջյան 20 հասցեյում կիսակառույց շինության փլուզման պատճառով փլատակի տակ մնացած 11 բանվորից 8-ին շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, իսկ 3-ին չեն հոսպիտալացրել, քանի որ նրանք փլատաներից անվնաս դուրս են եկել առանց փրկարարների միջամտության: Այս պահին արդեն շենքի փլատակների տակ որեւէ մեկը չկա: Նշենք, որ շենքը փուլ է եկել երկաթե ամրանների ծանրության պատճառով: ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի խոսքով` փլուզման պատճառների եւ պատճառահետեւանքային կապի մասին հնարավոր կլինի խոսել միայն փորձագիտական եզրակացություն ունենալուց հետո, բնականաբար հարուցվելիք քրեական գործի շրջանակներում:

Սբ.Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխված 8 վիրավորներից 4-ի վիճակը ծանր է գնահատվել, մյուս 4-ինը` միջին ծանրության: Հիշեցնենք, որ այսօր ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ:ԱԻՆ լրատվական ծառայությունից ավելի վաղ հայտնել են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:

Թողնել պատասխան

Back to top button