ԿարևորՀասարակություն

Ներառական կրթության ներդրման համար պետք է հասարակության աջակցությունը, ասում են մասնագետները

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

ԱԺ- ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է համընդհանուր ներառական կրթությանը վերաբերող օրինագիծը: Օրենսդրական փոփոխությունները միտված են համընդհանուր կրթական միջավայր ստեղծել բոլոր երեխաների համար` անկախ նրանց առողջական, ֆիզիկական, մտավոր և այլ խնդիրներից:
Հայաստանում այժմ գործում է ներառական 107 դպրոց, դրանց թիվը տարեկան ավելանում է 15-ով, սակայն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում լինի միասնական կրթական տարածք բոլոր երեխաների համար, ԱԺ ամբիոնից երեկ հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը:
Կառավարության մտահղացումը ողջունում է «Հույսի կամուրջ» հկ նախագահ Սուսաննա Թադևոսյանը և  կարծում, որ համընդհանուր ներառական կրթության ներդրումը Հայաստանում խիստ կարևոր ու անհրաժեշտ  քայլ է։
Իսկ որպեսզի ձևական բնույթ չկրի օրենսդրական այս փոփոխությունը, դրա համար պետք է պատասխանատվություն կրի յուրաքանչյուր ոք`հավատալով այս փոփոխությանը և իր հերթին նպաստելով դրա իրականացմանը, նկատում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը։
«Ի վերջո՝ այս օրենքով մենք հեծանիվ չենք հորինում, քանի որ կրթության կազմակերպման այս ձևն ու սկզբունքը մեր մեծերը դրել են ի սկզբանե»,- ասում նա։
Հայաստանում համընդհանուր ներառական կրթության համակարգի անցումը նախատեսվում է մինչև 2022 թվականը: Եվ Սուսաննա Թադևոսյանը և Անահիտ Բախշյանը հավատում են, որ  մինչ այդ կլուծվի ոչ միայն ենթակառուցվածքների, այլև համապատասխան մասնագետներ պատրաստելու խնդիրը:

Թողնել պատասխան

Back to top button