ԿարևորՎերլուծական

Կրակի դադարեցումը Սիրիայում Սաֆրաստյանը քիչ հավանական է համարում

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Մահմեդականների Իդ ալ-Ադհա տոնին ընդառաջ Սիրիայում խաղաղ զինադադար հաստատելու ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնացի առաջարկը դժվար իրագործելի է համարում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Հիմնական խնդիրը նա տեսնում է ընդդիմության մեջ` միասնական չլինելու պատճառով: Ինչպե՞ս իրեն կպահի իշխանությունը: Եվ ընդհնարապես, ինչ զարգացումներ են հնարավոր` բանագնացի նոր առաջարկի, Եվրամիության նոր պատժամիջոցների համատեքստում:

Սովորական խաղ. այսպես է մեկնաբանում հոկտեմբերի 26-ին մեկնարկող մահմեդականների Իդ ալ-Ադհա  տոնի օրերին կրակը դադարեցնելու ՄԱԿ-ի և արաբական երկրների լիգայի հատուկ բանագնացի առաջարկին` ընդդիմության արձագանքը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Ընդդիմությունը, ինչպես միջազգային լրատվամիջոցներն էին հաղորդել, համաձայնել է խաղաղ հրադադարին, եթե առաջին քայլն անի իշխանությունը: Կրակի դադարեցումը Սաֆրաստյանը քիչ հավանական է համարում հենց ընդդիմության ու վերջինի` միասնական չլինելու պատճառով: Միասնական ղեկավարություն չկա, գործում են առանձին խմբավորումներ` տարբեր երկրներից ստացած ֆինանսավորմամբ:
«Իսկ եթե իշխանությունները տեսնում են, որ ընդդիմությունը չի գնում միասնական գործողությունների, պարզ է, որ իրենք էլ չեն համաձայնի»:

Ռուբեն Սաֆրաստյանը հետաքրքիր է համարում բանագնացի նոր` Սիրիայի տարածքում մի քանի հազար խաղաղապահ տեղակայելու առաջարկը: Բայց հակված է կարծել, որ այն չի ընդունվի ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության կողմից: Նրա խոսքով` երկուսն էլ հատել են կոմպրոմիսի հնարավորության շեմը: Հիմա հարցն այլ կերպ է դրված` որ կողմն է հաղթելու: Արևելագիտության ինստիտուտի տնօրենը կարծում է, որ ճգնաժամի լուծման վրա չի կարող լուրջ ազդեցություն ունենալ նաև Եվրամիության` Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների նոր փաթեթը: Նոր սահմանափակումները, իհարկե, իշխանությունների հնարավորությունները թուլացնելու նպատակ են հետապնդում, բայց… «Տարբեր երկրների հետախուզական ծառայությունների, վերլուծական կենտրոնների տվյալներով` Սիրիան դեռևս մեծ ներուժ ունի ապստամբների դեմ ուղղված պայքարը շարունակելու համար»: Սաֆրաստյանը հավանական է համարում Թուրքիայի ներխուժումը` Սիրիա: Դա է ցույց տալիս այդ երկրի նկատմամբ` Անկարայի վարած քաղաքականությունը:

«Դա տեղի կունենա ոչ թռիչքային գոտի հաստատելու պատրվակով, ուղղված կլինի առաջին հերթին Սիրիայի տարածքում գործող քրդական կազմակերպությունների դեմ: Թուրքիան այդ կերպ կփորձի լուծել աշխարհաքաղաքական բնույթի խնդիր. հարված հասցնելով` Թուրքիան կփորձի ազատվել Սիրիայից` որպես աշխարհաքաղաքական գործոն տարածաշրջանում: Երրորդը` Թուրքիան դրանով կփորձի արժանանալ Արևմուտքի դրական վերաբերմունքին, քանի որ ներկա իրավիճակը խոսում է այն մասին, որ հակամարտությունը դեռ երկար կշարունակվի: Իսկ Թուրքիան իր հարձակումով նպատակ կդնի պարտության մատնել կառավարական ուժերին` բալանսը փոխելով հօգուտ ընդդիմության»:

Կա նաև չորրորդ հանգամանքը` կապված Հալեպի հայ համայնքի հետ: Սաֆրաստյանի խոսքով` կան տվյալներ, որ Թուրքիան փորձում է խուճապային տրամադրություններ ստեղծել հայության շրջանում, նպաստել, որ նրանք հեռանան երկրից: Դրանով ազատվում է հոգևոր, մշակութային ու քաղաքական կարևոր կենտրոն Հալեպից, որն էլ կազմված է այն մարդկանցից, որոնց նախնիները ցեղասպանություն են տեսել: Թուրքագետը հնարավոր ներխուժման դեպքում լայնածավալ գործողություններ չի կանխատեսում, Անկարան կսահմանափակվի սահմանամերձ շրջաններով, ասում է: Սաֆրաստյանի կարծիքով` Թուրքիայի այս գործողությունները կարժանանան Արևմուտքի հավանությանը, դրանք չեն ողջունվի երկրի ներսում: Արևելագետի դիտարկմամբ` Թուրքիայի հասարակական, քաղաքական շրջանակներում բավականին լուրջ ընդդիմություն է ձևավորվել, որը կարող է ազդել Սիրիա ներխուժել-չներխուժելու մասին թուրքական կառավարության որոշման վրա:

Թողնել պատասխան

Back to top button