Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը հակամարտությունը հրապարակայնեցրեցին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մաս կազմող «Ժառանգություն» եո «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի հակասությունն այսօր հրապարակային փուլ է մտել, հնչել են փոխադարձ մեղադարնքներ։

Այսօր ցերեկը Րաֆֆի Հովհաննիսյանն էր հայտարարություն տարածել, որտեղ իր գործընկերոջ նախորդ հայտարարությունը, թե մանդատը վայր դնելու մասին խոսակցություն միմյանց միջեւ չի եղել, որակել է սուտ, ինչի համար ցավ է արտահայտել։
«Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար` «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգությունից» եւ քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին:Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր եւ որոշ չափով` ռիսկային, բայցեւ հիմնավոր ու ապագայամետ: Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաեւ մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»` նրա խոսքի նկատմամբ: Այդ մեկը` եթե երբեւէ եղել է, արդեն չկա: Մնացածը նրա եւ Աստծո օրենքի միջեւ է: Քաղաքական նպատակահարմարությունից դրդված` կարող էի լռել: Համբերատար սպասելուց հետո, սակայն, նախընտրեցի հռչակել ճշմարտությունը` որպես պատասխանատվության պահանջ իմ համաքաղաքացիների առջեւ: Եվ վերջում` նրա սատարումը որեւէ հարցում ցանկալի չէ»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Իսկ արդեն քիչ առաջ սրան հակադարձել է «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը։ Նա էլ իր հերթին է ցավ հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության կապակցությամբ։

«Ափսոսանք եմ հայտնում, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պահի թելադրանքով արված, հուզական հայտարարության կապակցությամբ: Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել, որ ընդհանուր խմբակցության մաս կազմելը բնավ չի նշանակում անկախ քաղաքական ուժի մանդատների միանձնյա տնօրինում, մեկ այլ անհատի կողմից: Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով»,- ասել է Խաչատուր Քոքոբելյանը։

Թողնել պատասխան

Back to top button