ԿարևորՔաղաքական

Դադարեցնել սպառազինությունների վաճառքը Ադրբեջանին.կոնգրեսականի կոչը՝ ԱՄՆ պետքարտուղարին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ, Ժողովրդավարական կուսակցության անդամ Հերման Լ. Բերմանը նամակով դիմել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ կոչ անելով դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագրին և դադարեցնել սպառազինությունների վաճառքը այդ երկրին, այս մասին հայտնում է Asbarez.com կայքը: Բերմանի նամակը կապված է 2004թ. Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու և հերոսացնելու գործընթացի հետ:

Կոնգրեսական Բերմանն իր նամակում նշում է, որ Սաֆարովին ներում շնորհելը «հիրավի սարսափեցնող էր», որ Ալիևի քայլը «ծաղր է արդարադատությանը և արհամարհանք է դրսևորում ՆԱՏՕ-ի ու դրա անդամների հանդեպ, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի և դրան մասնակից բոլոր պետությունների»:
Կոնգրեսականը նշում է, որ չնայած Ալիևի քայլի առնչությամբ Պետքարտուղարության հնչեցրած խիստ քննադատությանը, այնուամենայնիվ, հարկավոր է ավելին անել:

«Հետևաբար, հաշվի առնելով այն փաստը, որ այդ՝ ոչ սադրանքի արդյունք հանդիսացող և սարսափելի սպանությունը տեղի է ունեցել ԳՀԽ-ի ծրագրի ժամանակ՝ ես Ձեզ հորդորում եմ ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ համատեղ բողոք հայտնել նախագահ Ալիևին: Երկրորդ՝ ես հորդորում եմ ՆԱՏՕ-ի երկրներին դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը ԳՀԽ միջոցառումներին մինչև Ալիևը չեղարկի ներումն ու պաշտոնի բարձրացումը և չվերաբանտարկի մարդասպանին կամ վերադարձնի Հունգարիա՝ իր պատժի մնացած մասը կրելու»,- ԱՄՆ պետքարտուղարին ուղղված նամակում գրում է կոնգրեսականը:

«Նախագահ Ալիևի քայլը անողոք անարգանք է հայի կյանքի հանդեպ»,– ընդգծում է կոնգրեսական Բերմանը:

Թողնել պատասխան

Back to top button