Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովում այսօր շարունակվել են 2011 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները: ԱԺ պետա- իրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորներն այսօր լսել են նախագահի, կառավարության, Ազգային ժողովի աշխատակազմերի ղեկավարներին, նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին , արդարադատության նախարարին ու իրավական ոլորտի այլ գերատեսչությունների ու աշխատակազմերի ղեկավարների:
2011 թ. պետբյուջեից նախագահի աշխատակազմին հատկացվել է 3 միլիարդ 625 միլիոն դրամ, կառավարությանը ՝ 28 մլրդ 635 մլն դրամ, իսկ Ազգային ժողովի աշխատակազմին՝ մոտ 2 մլրդ 700:
Ի դեպ, խորհրդարանին վերաբերող բյուջետային տողը հետաքրքիր ձևակերպում ունի և կատարողականում նշվում է այսպես՝ ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պահպանության համար: Ձևակերպումը նախ տարակուսանքի առիթ տվեց ՀԱԿ խմբակցությունից Գագիկ Ջհանգիրյանին՝ արդյո՞ք բյուջեի գումարները հատկացվում են նաև պատգամավորի պահպանության համար: Ընդդիմադիր պատգամավորը կառավարության ներկայացուցչի հաստատական պատասխանը ստացավ:
Նույն «պատգամավորների պահպանում» ձևակերպումը դաշնակցական Արծվիկ Մինասյանին ստիպեց մտածել նոր օրենսդրական նախաձեռնության մասին:
«Պահպանման տեսակետիւց թերևս ինչ-որ գումար պետք է հատկացվի ուղիղ պատգամավորին: Կարելի է մտածել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին»,- ասաց նա:
ԱԺ պետաիրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախորդ տարվա ընթացքում բյուջեից ստացած և ծախսած գումարների մասին այսօր հաշվետվություն ներկայացրին նաև դատաիրավական ոլորտի պատասխանատուները: Կատարողականը գրեթե բոլոր դեպքերում մոտ 100 տոկոս է:
ՀՀ արդարադատության նախարարությանն, օրինակ, հատկացվել է մոտ 13 մլրդ դրամ, կատարողականը 100 տոկոսից փոքր-ինչ ավելի է ՝ ի հաշիվ ոչ բյուջետային ֆինանսական հատկացումների: Ծախսերի հիմնական մասը ուղղվել է դատաիրավական բարեփոխումներով նախատեսված միջոցառումներին ՝ դատարանների նոր շենքերի, նաև քրեակատարողական հիմնարկների կառուցում:
Ըստ նախարար Հրայր Թովմասյանի՝ «հաջորդ տարվա կեսերին շահագործման կհանձնվի Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 400 տեղանոց մեկ կորպուսը»:
Արծվիկ Մինասյանի հետաքրքրում էր, թե որքանով է հաջողվել բարելավել քրեակատարողական համակարգի պայմաններն ընդհանարպես և նվազեցնել օրինակ գերբնակեցումը:
«Էականորեն մեծացել է զբաղվածության թիվը ՝ մոտ 20-30 տոկոսով: Մոտ 30-40 տոկոսով ՝ նվազել են մահացության ցուցանիշները: Անցած տարի չեն եղել սպանության և փախուստի դեպքեր: Բայց հիմնական պրոբլեմները քրեակատարողական հիմնարկում շարունակում են մնալ»,- նկատեց նախարարը:
Ի դեպ, հերթով բոլոր կառույցների հաշվետվությունները ծախսերի, գերածախսի ու թերածախսի մասին լսելուց հետո ՀԱԿ խմբակցությունից Գագիկ Ջհանգիրյանի մոտ հարց առաջացավ. խորհրդարանը լսում է հաշվետվությունները, բայց չունի տեղեկատվություն այն մասին, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվել գումարները:
«Քանի որ ուսումնասիորթւունները ցույց են տալիս, նաև Վերահսկիչ պալատի, որ պետական կառույցները լավ ծախսում են, բայց այդ ծախսերի տակ լուրջ բաներ են թաքնվում: Գալիս ենք, ֆիքսում ենք՝ 103 տոկոս կամ 97 տոկոս, ու կինոն ավարտվում է»,- ասաց:
Ըստ ֆինանասների փոխնախարար Պավել Սաֆարյանի ՝ կառավարության հաշվետվության մեջ բացի ֆինանսական ցուցանիշներից կան նաև ոչ ֆինանասկան բնույթի տվյալներ:
Հետևաբար՝ «արդյունավետության մասին կարծիք կազմելու համար պետք է ուշադրություն դարձնել ոչ ֆինանսական ցուցանիշներին»:
Կառավարության ներկայացուցչի պարզաբանումն իր կողմից լրացրեց պետա- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա ՝ կառավարության կողմից տրամադրվող նյութը կատարողականների մասին հաշվետվությունների մասով տարիների ընթացքում զգալիորեն բարելավվել է:http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/09/250912aj.mp3