Հասարակություն

Հայերն էլ Կրասնոդարի բնիկներ են

Լենա Բադեյան

«Ռադիոլուր»

Վերջին շրջանում Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում լուրջ լարվածություն է նկատվում տեղի բնակիչների եւ, ինչպես ձեւակերպում են ռուսական ԶԼՄ- ները՝ «կովկասից եկվորների» միջեւ: Կարգուկանոն հաստատելու նպատակով երկրամասի ղեկավարն բնիկ ազգի որոշակի իրավասություններ է տվել կազակներին, որոնք էլ զորք են հավաքել եւ պատրաստվել են իրավապահ գործողությունների:
Երկրամասում հայերը երկվոր չեն համարվում, նրանց տրվել է բնիկ ազգի կարգավիճակ, ուստի իրավիճակի վերջին լարումը երկրամասում չի սպառնում համայնքի անվտանգությանը, ասում է Կրասնոդարի երկրամասի «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ նախագահ, Ռոստովի Աշխարհաքաղաքական պրոբլեմների ակադեմիայի իսկական անդամ Վարվառա Մարգարյանը:

«Մեզ արդեն անվանում են բնիկ ազգ: Երբ ներկայացնում են, որ Կուբանում ապրում են այս, այս, այս ազգերը, նշում են նաեւ հայերին»,- ասում է նա:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն էլ արժանահավատ չի համարում տարածվող այն լուրերը, թե Կրասնոդարի երկրամասում տեղահանման լուրջ վտանգ է սպառնում Կովկասի ժողովուրդներին:

Նշենք, որ հայերը բնակիչության թվով երկրորդ ազգն են Կրասնոդարի երկրամասում ռուսներից հետո: Պաշտոնական տվյալներով՝ այսօր այնտեղ ապրում է շուրջ 250 հազար հայ, բայց Վարվառա Մարգարյանի ներկայացմամբ՝ հայերի իրական թիվը մի չորս անգամ ավելի է:

«Երբ աշխատանք չկա, տնտեսական ճգնաժամ է՝ ամենացավոտ խնդիրը ազգերի հարաբերություններն են: Ինչ արժե միայն մի փոքրիկ սադրանքը՝ տարածել, թե եկվորներ են, կամ ինչպես ռուսներից ոմանք են ասում. «понаехали» եւ զբաղեցրել են բոլոր աշխատատեղերը: Ժամանակին եղել են այդպիսի հակահայկական շարժումներ, բայց ճիշտ պատմական տեղեկատվության տարածումից հետո, փառք Աստծո, այդ ամենը հարթվել է: Այսօր արդեն ընդունում են, որ մենք «понаехали» չենք»,- ասում է մեր հայրենակցուհին:

Ինչ վերաբերում է երկրամասի ղեկավարի որոշմանը՝ կազակներին լծել իրավապահ աշխատանքի եւ կարգուկանոն հաստատել «կովկասից երկվորների» շրջանում, ապա Վարվառա Մարգարյանի ներկայացամբ՝ այս ամենին պետք է հանգիստ վերաբերվել:

«Տվյալ դեպքում նա չի ասել, որ կազակական զորքերն ուղղված են բոլոր ազգությունների, այդ թվում՝ նաեւ հայերի դեմ: Ընդհակառակը՝ նա ասել է, որ մեր կողքին կլինեն հայերը եւ այլն: Բայց դա էլ ճիշտ չէ՝ հայերին հակադրել լեռնեցի այլ ժողովուրդներին: Ես կարծում եմ, որ հայերը այս դեպքում պետք է պահպանեն չեզոքություն: Ընդհանրապես՝ օրինապահ քաղաքացիներին ոչինչ չի սպառնում»:

Կրասնոդարի երկրամասում իրականում իրավիճակը լարվել է Հյուսիսային Կովկասից միգրանտների եւ տեղի բնակիչների միջեւ: Հիմնականում տեղեկատվական ժապավեններում  դաղստանցիների, թուրք-մեսխեթցիների եւ չեչենների մասնակցությամբ քաշքշուկների եւ ծեծկռտուքների մասին լուրերն են։

Թողնել պատասխան

Back to top button