Տնտեսական

Օտարերկրյա ներդրումները նվազել են 58 տոկոսով

lenabadeyan

Ապրիլյան պատերազմից հետո քաղաքական գրեթե բոլոր վերլուծաբանները պնդում են, որ Հայաստանը խաղաղություն կարող է պարտադրել միմիայն զարգացած տնտեսություն եւ պատրաստված բանակ ունենալու դեպքում: Երկրորդ գործոնի մասին այս պահին չենք խոսի, ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա թեեւ որոշակի հետեւություններ արվել են, օրինակ՝  իրականացվել է ներդրումային միջավայրի լուրջ վերլուծություն եւ հնարավոր են արմատական փոփոխություններ, բայց  այս պահի դրությամբ տնտեսական ցուցանիշները դեռեւս հուսադրող չեն: Սրան զուգահեռ `փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշում է, որ միայն առաջին եռամսյակի տվյալներով դատողություններ անելը ճիշտ չէ: Բայց շատերն այսօր նշում են, որ ապրիլյան քառօրյա պատերազմը որոշակի բացասական հետեւանքներ ունեցել է, որը դեռեւս թվերով գնահատված չէ:

 

Օտարերկրյա ներդրումների ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում նվազել են 58 տոկոսով։ Սա պաշտոնական թվերն են: Ազգային վիճակագրական ծառայությունը փաստում է՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում իրականացվել է 14 մլրդ 987.2 մլն դրամի ներդրում, մինչդեռ նախորդ տարի իրականացված ներդրումների ծավալը 35 մլրդ դրամից ավելի էր: Սա մինչեւ ապրիլյան պատերազմն էր: Այդ իրադարձությունը նույնպես իր բացասական ազդեցությունը թողել է մեր տնտեսության վրա՝ ընդունում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Ապրիլյան պատերազմն ազդեցություն է թողել նաեւ զբոսաշրջության վրա: Վկայակոչելով հյուրանոցային սպասարկում առաջարկող ընկերություններին    պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշում է՝ չորսօրյա պատերազմից անմիջապես հետո մոտավորապես 30 տոկոսով նվազել է պատվիրված համարների թիվը:

Այս ամենի ֆոնին մտահոգիչ մեկ այլ ցուցանիշ է ներկայացնում պատգամավոր Մհեր Շահգելդյանը:  «Այսօր Հայաստանում ներգրավվում են ավելի շատ վարկեր (եւ մենք ընկնում ենք բավականաչափ պարտքերի տակ), քան՝ ներդրումներ»:

Որոշակի պատասխաններ այս դեպքում պատգամավորներն ակնկալում են ոչ միայն «ավանդական» գերատեսչությունից՝ էկոնոմիկայի նախարարությունից: Կարծում են, որ արտաքին ներդրումներ գրավելու համար պատասխանատու է նաեւ արտգործնախարարությունը:

Սրան ի պատասխան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բացատրել էր՝ թեեւ դեսպանատները զբաղվում են նաեւ տնտեսական բաղադիչով, բայց մեր 31 դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատողների թիվը 1+1 է: «Այդ մեկ դիվանագետը, նաեւ դեսպանը պատասխանատու է եւ տնտեսականի, եւ քարոզչության, եւ արտաքին քաղաքականության, եւ մշակութային եւ, եւ, եւ, եւ ….. : ԱԳՆ մեջ մենք պետք է ունենանք փոխնախարար, որը նաեւ կուրացիա է անում արտաքին տնտեսական հարաբերությունները, որովհետեւ մինչեւ հիմա այդ գործառույթը դրված էր այլ կառույցների եւ նախարարությունների վրա: Այսօր այդ գործառույթը մենք ստացել ենք, դա սկիզբ է մի գործընթացի, որովհետեւ մի փոքր խումբ է աշխատում միայն՝ փոխնախարարը 6 հոգու հետ: Կարծում եմ, որ ժամանակի հետ արդյունքները տեսանելի կլինեն»:

Ի դեպ՝ Էդվարդ Նալբադյանի տեղեկություններով՝ ապրիլյան պատերազմը բացասական ազդեցություն է ունեցել ոչ միայն Հայաստանի տնտեսության վրա: Ադրբեջանի տնտեսական միջավայրը նույնպես տուժել է:

Վերադառնալով Ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշներին՝ նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակում արտաքին ներդրումների մասով աճ կա ընդամենը երկու ուղղությամբ: 1 մլրդ դրամով ավելացել են ռուսական ներդրումները՝ խոսքը գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտում իրականացված ծրագրերի մասին է եւ մոտ կես միլիարդով՝ Արգենտինայից արվող ներդրումները՝ այստեղ էլ խոսքը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի գործունեության մասին է:

Հայաստանի մյուս հիմնական տնտեսական գործընկերները կտրուկ պակասեցրել են ներդրումները: Ի դեպ՝ որպես կանոն երկրների տնտեսական հիմնական ուժը եւ զարգացման գրավականը ոչ թե մեծ, այլ փոքր եւ միջին ձեռնարկատիրությունն է:

«ՓՄՁ գնահատման տեսակետից մենք այսօր խնդիր ունենք կարգավորման եւ վիճակագրության առումով»,- խոստովանում է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Երկրում այսօր չի իրականացվում հատուկ փոքր եւ միջին բիզնեսի առանձին վիճակագրական հաշվառման աշխատանքներ, որի արդյունքում հաճախ կարող են խեղաթյուրվել թվեր, փաստեր եւ իրականությունը ներկայացվի «գլխիվայր»: Դրա համար ես այս պահին կփորձեմ խուսափել պաշտոնական հայտարարություն անելուց, իսկ փորձագիտական գնահատականն այն է, որ այս սուբյեկտներն ապահովում են երկրի ՀՆԱ մոտ 65-70 տոկոսը»:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը թերահավատորեն է մոտենում ներկայացված թվերին, քանի որ, ըստ իրեն՝ մի քիչ չեն համընկնում թվերը, որ ՀՆԱ-ի 65 տոկոսը կազմում է ՓՄՁ-ն, բայց 1 տրիլիոն 100 միլիարդ դրամ հարկերից միայն 20 միլիարդն է, որ ստացվում է ՓՄՁ- ից:

Back to top button