Հասարակություն

Սպառողներ` ուշադիր, սուպերմարկետում խաբում են

lianaeghiazaryan
Սուպերմարկետները սպառողներին խաբում են, այսօր լրագրողների հետ հանդիպման հանդիպման ժամանակ հայտարարել է Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը ու հորդորել` աչալուրջ եղեք գնումներ կատարելիս: Ապրանքների պիտանելիության ժամկետը կեղծելուց, քաշի մեջ խաբելուց հետո շատ տեղերում նոր «մեթոդաբանության են անցել»: Ինչի մասին է ահազանգել սպառողների շահերի պաշտպանն, ու ինչ են արձանագրել նրանց ամառային դիտարկումները սննդի ոլորտում:

 

 

Սպառողներ, ավելի աչալուրջ եղեք: Այսօր այս հորդորով քաղաքացիներին դիմեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը` հաստատելով տարբեր ահազանգերի հավաստիությունը` սուպերմարկետների դրամարկղերում խարդախություններ և չարաշահումներ կան: «Ուշադիր եղեք ներկայացվող ու գանձվող գների տարբերությանը», ասում է Հակոբյանը:

«Ամեն պատճառ կարող են բերել տակից դուրս գալու համար: Իմացեք, որ սուպերմարկետներում այդպիսի օյիններ են խաղում»:

Ողջ տարվա ընթացքում սուպերմարկետներից դժգոհություններ են ստացվել` 2252 զանգ քաղաքացիներից այն մասին, որ ապրանքների վրա ներկայացվում է մեկ գին, իսկ դրամարկղում՜ գանձվում մեկ այլ գին, բնականաբար` ավելի բարձր: Ուշադիր քաղաքացին դա նկատում է միանգամից` հենց դրամարկղում, պակաս ուշադիրը` ավելի ուշ` կտրոնը դիտելով, բայց շատ դեպքերում մարդիկ անգամ չեն էլ նայում կտրոնի թվերը: Ահազանգերի հավաստիությունը ստուգվել է սեփական փորձով: Մելիտա Հակոբյանը թեեւ խուսափեց նշել` կոնկրետ որ սուպերմարկետում են խարդախություններ արվում, թող ոչ գովազդ լինի, ոչ էլ հակագովազդ, պատճառաբանեց, բայց նաեւ շեշտեց` բոլոր տեղերում էլ կա, մի տեղ ավելի բարեխիղճ են, մի տեղ` ավելի խորամանկ:

«18 000-ի ապրանք ենք գնել, և 560 դրամ տարբերություն եղավ: Ձուն 900 դրամ էր, իսկ գրվում էր 950 դրամ: Երբ կանչեցի մենեջերին ու պահանջեցի բացատրություն, ասացին, թե գնապիտակները փոխել են և չեն հասցրել անցկացնել: Որոշ սուպերմարկետներում էլ, իրենց գաղափարով, ասում են` գոյություն ունի հավատարիմ եւ ոչ հավատարիմ սպառող, հավատարիմներին այլ գին են առաջարկում: Բայց ոչ հավատարիմների համար էլ ներկայացվում է մեկ գին, ասենք` 550, բայց գանձվում է 580»:

Այս արդյունքների մասին Մելիտա Հակոբյանը խոստանում է իրազեկել համապատասխան պետական մարմիններին, դեռ չի հասցրել: Իսկ ինչ պատիժ է հասնում այս դեպքում սպառողներին խաբելու համար:

«Օրենքով պատիժ, իհարկե, հասնում է, խաբում են սպառողին»,- ասաց նա: «Որպես վարչական իրավախախտում՝ տուգանք կլինի»:

Սպառողների ազգային ասոցիացիան ամռան այս ամիսներին մարզերում սննդի ոլորտում մոնիթորինգ է անցկացրել: Արդյունքները, Մելիտա Հակոբյանի ձեւակերպմամբ, մեղմ ասած հուսադրող չեն: «Մարզերի վիճակը մեր գնահատմամբ շատ վատ է: Սպառողի դեֆիցիտ կա այսօր՝ հատկապես մարզերում: Սպառող չկա, որ գնա նորմալ առևտուր անի»,- ասաց: Որոշակի շարժ նկատվել է միայն հանգստի կենտրոններում` Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Հանքավան, Աղվերան: «Ընդհանուր առմամբ բողոքում էին, որ սարսափելի վիճակում են հատկապես գյուղերում, մարդիկ պարտքով են վերցնում ապրանքները»,- ասաց Հակոբյանը:

Բնակչության հիմնական մասը գնում է առաջին անհրաժեշտության ապրանքներ միայն: Ամփոփելով իրենց դիտարկումները` սպառողների շահերի  պաշտպանը նաեւ հետեւյալն է արձանագրում` հունվարից հետո շատ ավելի ծանր վիճակում են հայտնվել արտահանողները: Մեղրիի, Ագարակի չրարտադրողներն, օրինակ, խճճվել են փաստաթղթերի մեջ ու չեն կարողանում ելք գտնել:

Back to top button