Հասարակություն

Զորավարժություն մշակույթի նախարարությունում


«Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվի՛ր պատերազմին». Մշակույթի նախարարության ցուցադրական շտաբային մարզումները, որոնց այսօր հետևում էին պետական 56 կառույցների ներկայացուցիչներ, ամբողջությամբ տեղավորվում են  վերոհիշյալ  տրամաբանության մեջ: «ՀՀ մշակույթի նախարարության կառավարման համակարգի բերումը պատրաստության «ԲԱՐՁՐ» աստիճանի, բնակչության բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման միջոցառումների կազմակերպումը «ՈՒԺԵՂԱՑՎԱԾ» աշխատանքային ռեժիմի ժամանակ» խորագիրը կրող միջոցառումը, ըստ էության, փորձի փոխանակում էր:

 

Շտապենք հանգստացնել. Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի այս հայտարարությունը պայմանական է: Այն հնչում է նախարարության ցուցադրական շտաբային մարզումների շրջանակում: Պատերազմական իրավիճակում անհրաժեշտ միջոցառումների կազմակերպման և իրականացման  մասով մշակութային գերատեսչության փորձին ծանոթանալու էին եկել պետական 56 կառույցների ներկայացուցիչներ:

«Պետական բոլոր կառույցները պետք է մշտապես պատրաստ լինեն ներգրավվելու երկրի պաշտպանության գործում: ՀՀ ռազմական դոկտրինի համաձայն նրանցից յուրաքանչյուրն ունի իր գործառույթները»,-ասաց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ով և ղեկավարում էր միջոցառումը:

«Պատերազմի սպառնալիքի և ռազմական դրության ժամանակ ՀՀ մշակույթի նախարարությանը վերապահված են հետևյալ գործառույթները.

1.Մշակութային արժեքների, գրադարանային հավաքածուների տարհանում և պահպանության կազմակերպում:

2.Մշակութային կազմակերպությունների նպատակային գործողությունների կազմակերպում՝ ազգաբնակչության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացման, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման ուղղությամբ:

3.Հակառակորդի կողմից իրականացվող քարոզչության և ապատեղեկատվության տարածմանն ուղղված հակազդող քայլերի ձեռնարկում:

4.Պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ուղղված միջոցառումներ՝ համապատասխան միջազգային կոնվենցիաների»:

Նշված խնդիրներն իրականացնելու համար, ըստ Պողոսյանի, Մշակույթի նախարարության համակարգում գործում են զորահավաքային տարբեր առաջադրանքներ իրականացնող մի քանի կառույցներ:

Մշակույթի նախարարությունն այսօր ներկայացրեց շտաբային մարզումների նախապատրաստման և անցկացման իր մոտեցումը, մասնավորապես, ազգաբնակչության բարոյահոգեբանական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների մասով»:

«Գովեստի արժանի և մյուս գերատեսչությունների համար ուսանելի միջոցառում»:

Մշակութայինների նախաձեռնած ցուցադրական շտաբային մարզումների  գնահատականն ըստ զինվորականի. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետական կառավարման մարմինների և փորձի փոխանակման բաժնի ավագ սպա Սահրատ Դավթյան.

«Հայաստանի կարգավիճակն ու արտաքին սպառնալիքները պետական գերատեսչություններին թելադրում են ուժերի գերլարում և արհեստավարժության բարձրացում: Մշակույթի նախարարության անելիքներն այդ առումով խիստ կարևոր են»:

Ասածը հիմնավորելու համար Սահրատ Դավթյանն արձանագրեց  պատմական փաստը. «Անգնահատելի էր  Հովսեփ Օրբելու դերը Հայրենական մեծ պատերազմի տարիներին, մասնավորապես Լենինգրադի շրջափակման ժամանակ, երբ Էրմիտաժի գանձերը փրկվեցին միայն ու միայն թանգարանի տնօրենի բացառիկ կազմակերպվածության ու մեծ ջանքերի շնորհիվ»,-ասաց զինվորականը:

Back to top button