Արել ենք առավելագույնը, ասում է Երեւանի գլխավոր բնապահպանը


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Պետք չէ գողանալ Երևանում տնկված նոր ծառերը, դեկորատիվ ծառերի կարիք ունեցողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչություն ու դրանք անվճար ստանալ: Թե չէ այսօր ծառ գողանալով, դուք գողանում եք ձեր երեխաների առողջությունը, ապագան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը։
Ավետ Մարտիրոսյանը հեռու է այն մտքից, որ մայրաքաղաքում էկոլոգիական խնդիրները իսպառ վերացել են, և ինքն էլ բաց ճակատով կարող է հանդիպել լրագրողների հետ ու խոսել կատարված աշխատանքներից:
Նա սա բացատրում է մայրաքաղաք Երևանի չոր բնակլիմայական պայմաններով: Գոգավորության ափսեի մեջ գտնվող մայրաքաղաքում այդուհադերձ պատկան մարմիններին հաջողվել է ստեղծել ծաղկաշատ Երևան:
Եթե մեր երկրի բնակչության մի հատվածն անհամբեր սպասում է այն օրվան, երբ հանրապետությունը կվերականգնի քիմիական արդյունաբերության հսկայի երբեմնի համբավը, կստեղծվեն նոր աշխատատեղեր, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը փառք է տալիս Աստծուն, որ երբեմնի քիմիական հսկաները գոնե մայրաքաղաքում չեն աշխատում։
«90-ականներ թվականներից արդեն քիմիական արդյունաբերություն չունենք։ 450 օբյեկտներ ունեինք, բայց մնացել է հինգ-վեց քիմիական ձեռնարկություն և այդ արտանետումները շատ ավելի քիչ են»,- ասաց:
Այնպես որ, Երևանի օդը 90 տոկոսով աղտոտում են ավտոտրանսպորտային միջոցները: Քաղաքապետարանը ելքը գտել է հիմնականում արագընթաց նոր ճանապարհների ու էստակադաների կառուցմամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը բազմաթիվ երկրներում է եղել, շրջել դրանց մայրաքաղաքներով ու համոզվել՝ Երևանի ծաղկապատումը չի զիջում եվրոպական բազմաթիվ երկրների քաղաքների ծաղկապատումից: Հաջողությունը քաղաքապետարանի ներկայացուցիչը հերոսություն է համարում՝ միաժամանակ նկատելով՝ ծաղկապատ Երևան ունենալը իրենց համառ աշխատանքի արդյունքն է: Եվ պատահական չէ, որ մայրաքաղաքը 2012թ ճանաչվել է հանրապետության լավագույն կանաչապատ տարածք
«Չեմ չափազանցնում, որ մեր կանաչապատման ձեռնարկություններն աշխատում են անմնացորդ: Ես մի քանի անգամ ասել եմ՝ մեր աշխատանքը սկսվել է մեկ անգամ՝ առավոտյան ժամը իննին, և այլևս չի ավարտում: Մեր ֆիանսնական հնարավորությունների սահմաններում արել ենք առավելագույնը»։