
Պրոդյուսեր և ռեժիսոր, Երևանյան միջազգային ֆլեյտայի փառատոնի հիմնադիր, Ֆլեյտայի ամառային դպրոցի կազմակերպիչ Վարդան Վիրաբյանի հետ զրուցեցինք նրա դստեր՝ հրաշամանուկ ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանի հաջողությունների և «Դասական Եվրատեսիլում» երրորդ տեղին արժանանալու մասին։
«Երբ խոսում եմ Էլենի մասին, առաջին հերթին հիշում եմ նրա մանկությունը։ Դեռ այն տարիներից երաժշտությունը նրա համար պարզապես հետաքրքրություն չէր, այլ ներքին աշխարհ։ Մեր ընտանիքում արվեստը եղել է կյանքի բնական մասը․ տանը մշտապես հնչել է երաժշտություն, եղել են փորձեր, քննարկումներ, ստեղծագործական մթնոլորտ։ Հավանաբար հենց այդ միջավայրն էլ ձևավորեց նրա վերաբերմունքը դեպի արվեստը։ Շատ վաղ հասակից նկատելի էր, որ ֆլեյտան նրա համար պարզապես գործիք չէ։ Նա աշխատում էր մեծ համառությամբ, երբեմն նույնիսկ այնպիսի կենտրոնացվածությամբ, որը զարմացնում էր մեզ։ Որպես հայր՝ ես տեսնում էի ոչ միայն երեխայի հետաքրքրությունը, այլ արդեն ձևավորվող երաժշտի մտածողությունը։
Էլենի ճանապարհը հեշտ չի եղել։ Յուրաքանչյուր բեմ, յուրաքանչյուր մրցույթ, յուրաքանչյուր հաջողություն երկար աշխատանքի արդյունք է։ Նա միշտ առանձնացել է պատասխանատվության զգացումով և ձգտումով՝ կատարելագործվելու ոչ թե մրցակցության, այլ երաժշտությանը մոտենալու համար։ Ինձ համար կարևոր էր, որ նա չկորցնի երաժշտության հանդեպ անկեղծ վերաբերմունքը, որովհետև իրական արվեստը սկսվում է հենց այնտեղ, որտեղ ավարտվում է ցուցադրականությունը։ Այդ առումով Էլենը միշտ մնացել է շատ ազնիվ երաժիշտ։
Տարիների ընթացքում նա մասնակցեց տարբեր միջազգային ծրագրերի ու մրցույթների, հանդես եկավ տարբեր բեմերում, և յուրաքանչյուր ելույթից հետո ես ավելի էի համոզվում, որ նրա մեջ կա ոչ միայն տեխնիկական պատրաստվածություն, այլ նաև բեմական մտածողություն և ներքին կուլտուրա։ Որպես ռեժիսոր՝ ես միշտ ուշադրություն եմ դարձնում արտիստի ներկայությանը բեմում, նրա հաղորդակցությանը հանդիսատեսի հետ։ Էլենի մոտ այդ հատկությունը բնական է։ Նա բեմ է բարձրանում ոչ թե պարզապես կատարելու, այլ պատմելու համար։
«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթանակը, իհարկե, շատ կարևոր փուլ էր նրա կյանքում։ Երբ հայտարարվեց, որ հենց Էլենը պետք է ներկայացնի Հայաստանը «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026»-ում, դա մեր ընտանիքի համար մեծ հուզմունք էր։ Բայց ինձ համար ամենակարևորը ոչ թե հաղթանակի փաստն էր, այլ այն ճանապարհը, որով նա հասավ դրան։ Ես տեսել եմ նրա աշխատանքի անքուն գիշերները, հուզմունքը, ինքնաքննադատությունը, անվերջ փորձերը։ Այդ ամենը չէր երևում բեմում, որովհետև հանդիսատեսը տեսնում է արդեն պատրաստված արդյունքը, սակայն յուրաքանչյուր հաջողության հետևում կա մեծ աշխատանք։
Էլենի համար կարևոր է նաև, որ միջազգային բեմում հնչի հայկական մշակույթը։ Նա սիրում է հայկական դասական երաժշտությունը, հաճախ է անդրադառնում Արամ Խաչատրյանի և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Դա ինձ համար առանձնահատուկ արժեք ունի, որովհետև կարծում եմ՝ երիտասարդ երաժիշտը միայն իր անունը ներկայացնող մարդ չէ․ նա իր երկրի մշակույթի կրողն է։
Այսօր, երբ արդեն Եվրատեսիլը անցյալ է, ես նրան նայում եմ ոչ միայն որպես հայր, այլ նաև որպես արվեստագետ։ Եվ կարող եմ ասել, որ Էլեն Վիրաբյանի ճանապարհը դեպի Եվրատեսիլ պատահականություն չէր։ Դա տաղանդի, աշխատանքի, ընտանիքի, կրթության և արվեստի հանդեպ սիրո բնական շարունակությունն էր»։




