Գերդաստաններ

Յուսուֆ Քարշ. դարաշրջանի հայտնիներին հավերժացնողը․ «Գերդաստաններ»

Նա 20-րդ դարի հռչակավոր դիմալուսանկարիչներից է, որը մարդու դեմքը դարձնում էր լեգենդ։ Նա Ուինսթոն Չերչիլի, Էռնեստ Հեմինգուեյի, Ալբերտ Էյնշտեյնի, Մայր Թերեզայի և այլ նշանավոր անհատների ու առաջնորդների բոլորիս հայտնի դիմանկարների հեղինակն է։ Նա մեր հայրենակից՝ Յուսուֆ Քարշն է։

Նյու Յորք Թայմսը գրել է․ «Քարշը հմտորեն լուսավորված, դասական դիրքի ֆորմալ դիմանկարի մեծ վարպետ է»։

Հայոց Միջագետքի հին բերդաքաղաք՝ Մարդինը, որն այսօր գտնվում է Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում, անառիկ է, գեղեցիկ։ Այստեղ էին ապրում հռչակավոր լուսանկարչի նախնիները և 1908 թվականին այստեղ է ծնվել Յուսուֆը՝ Հովսեփ Քարշյանը։

Մանկության գունեղ տարիներ է ունեցել նա։ Սիրել է ծննդավայրը՝ համեմատելով այն Շամիրամի կախովի պարտեզների հետ։ Սակայն իր նոթերում նա հիշում է նաև թուրքերին առնչվող տխուր պատմություններ։ Հետագայում, լինելով ցեղասպանության ականատեսը, նա պատմել է․ «Ես տեսա իմ հարազատների սպանությունը․ քույրս սովամահ եղավ, երբ մեզ գյուղից գյուղ էին քշում»։

Փրկվելով ցեղասպանությունից, 1922 թվականին, Յուսուֆն իր ընտանիքի հետ ապաստան է գտնում Հալեպի փախստականների ճամբարում։ Մեկ տարի անց, երբ 16 տարեկան էր, ծնողներն ուղարկում են Կանադա՝ Շերբրուկ, որտեղ դեռ 1910 թվականին հաստատվել էր Քարշի մոր՝ Բահայի Նաղաշի եղբայրը՝ լուսանկարիչ Ջորջ Նաղաշը՝ Ազիզ Նաղաշյանը։ Մի քանի տարի քեռու մոտ աշխատելիս, նա տիրապետում է լուսանկարչական հմտության գաղտնիքներին։ 1928 թվականին տեղափոխվում է Բոստոն, ուր նրան հնարավորություն է ընձեռնվում կատարելագործվել ժամանակի ամենահայտնի ամերիկյան լուսանկարիչներից մեկի՝ հայազգի Ջորջ Գարոյի արվեստանոցում։

Ջորջ Գարոյի հետ հարաբերությունները մեծ նշանակություն ունեցան Քարշի ինքնուրույն արվեստագիտական հայացքների ձևավորման մեջ։ Այստեղ նա ավելի է հմտանում՝ տիրապետելով լուսանկարչության նոր մեթոդների, լույսի ընկալումը հասցնում է կատարելության, մեծ փորձ է ձեռք բերում բարձր հասարակայնության ներկայացուցիչների հետ աշխատելիս, որը հետագայում նպաստում է կարիերայի զարգացմանը։

1932 թվականին Քարշը հաստատվում է Օտտավայում ու բացում իր լուսանկարչատունը։ Փողազուրկ, սակայն նպատակասլաց երիտասարդ  լուսանկարիչը, ջանում էր նոր հաճախորդներ ձեռք բերել։ Նա բացառիկ  հետաքրքրություն ուներ դեպի լուսանկարչության ամերիկյան վարպետները՝ Էդվարդ Ստայխեն, Էդվարդ Վեսթոն և այլք։

1920-1990 թվականներին կանադահայ նկարիչ Յուսուֆ Քարշը ճանաչվում է որպես 20-րդ դարի ամենահայտնի արվեստագետներից մեկը և 2000 թվականին «International who’s who» տեղեկագիրը Քարշին դասում է 20-րդ դարի 100 առավել ազդեցիկ գործիչների շարքում։

 «Դու մռնչացող առյուծին անգամ կարող ես ստիպել հանգիստ կանգնել լուսանկարվելու համար», — լուսանկարվելիս ասել է Ուինսթոն Չերչիլը։

Յուսուֆ  Քարշը կյանքից հեռացավ 2002 թվականին, 93 տարեկան հասակում։ Նրա կյանքի 75 տարիները ողողված էին փառքով՝ հավերաժացնելով իր դարաշրջանի մեծերին ու հայտնիներին։

Կարդացեք նաև

Back to top button