Գերդաստաններ

Հանրահայտ բժիշկն ու Էջմիածնի գանձատան բանալիները. «Գերդաստաններ»

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր անդամ, միջազգային  բժշկության պատմության ակադեմիայի անդամ, բժշկական հոգեբանության հիմնադիր, Հայաստանում թերապիայի, սրտաբանության և բժշկության պատմության գիտական դպրոցների հիմնադիր Լևոն Հովհաննիսյանը, հիմնել և շուրջ 43 տարի ղեկավարել է Ներքին հիվանդությունների պրոպոդևտիկայի ամբիոնը, Սրտաբանության ինստիտուտը։

Նրա շնորհիվ Հայաստանում հաղթահարվել  են տրոպիկական հիվանդությունները՝ մալարիան, իսկ Երևանի բժշկական ինստիտուտի ուսանողները մինչ օրս օգտվում են նրա հեղինակած դասագրքերից։

Արցախի Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում էին ապրում անվանի ակադեմիկոսի նախնիները, որոնք 19-րդ դարի երկրորդ կեսին տեղափոխվել են Թիֆլիս։

Հարությունը՝ գերդաստանի նախապապը, Թիֆլիսում աշխատանքի է անցնում գերաններ սղոցող մի արհեստավորի մոտ։ Աշխատած գումարը հավաքում, գործարան է բացում, տուն կառուցում և երախտագիտության զգացումով օգնում է այն մարդկանց, ովքեր օգնել էին իրեն Թիֆլիս մեկնելիս։

Անվանի բժիշկը երկար տարիներ ղեկավարել է բժշկական, պարազիտոլոգիայի և Սրտաբանության ինստիտուտները։ Նկարագրել է 2 հիվանդություն՝ խրամատային տենդ և պերիոդիկ հիվանդություն։ Նա ուսումնասիրել է Արզնիի, Ջերմուկի և Հանքավանի հանքային ջրերը՝ նոր բացահայտումներ արել տարբեր հիվանդությունների դեպքում նրանց բուժիչ  ազդեցության մասին։

Կա մի շատ հետաքրքիր դրվագ հանրահայտ բժշկի կյանքից, թե ինչպես է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանը նրան և Ավետիք Իսահակյանին վստահել Էջմիածնի գանձատան բանալիները, որ իր մահից հետո հանձնեն իրենից հետո ընտրվող  կաթողիկոսին։ Այդպես էլ եղավ․ հայրենիքի համար սրտացավ վերաբերմունք ունեցող և շատ պատասխանատու գործիչներն այն հանձնեցին Վազգեն առաջին կաթողիկոսին։

Հայտնի սրտաբանի որդին՝ Կոնստանդինը, ճարտարապետ է։ Նա  մի շարք շենքերի, նախագծերի և բազմաթիվ մասնագիտական հոդվածների հեղինակ է։  

Կոնստանդինի կինը՝ հայազգի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանն է, ով աշխատել է հայտնի ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի և Նիկողայոս Բունիաթյանի  արվեստանոցում։ Նա հաղթող է ճանաչվել հանրապետական, համամիութենական և միջազգային մրցույթներում։ Փարիզում «Կանանց արվեստ» փառատոնում  երկու անգամ արժանացել է Ոսկե մեդալի։

Կոնստանդինի որդին՝ Աշոտ Հովհաննիսյանը որդիների հետ միասին, զբաղվում է բուսական դեղորայքի ստեղծմամբ ու արտադրությամբ, որոնք ընդունելի են դարձել հանրության շրջանում օստեոխոնդրոզի, հոդերի այտուցների, ոսկրային կոտրվածքների մաշկային հիվանդությունների, գրիպի և այլ վարակիչ հիվանդությունների բուժման և կանխարգելման ուղղությամբ։

Կարդացեք նաև

Back to top button