
Այս օրերին Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանում բացվել է «Երեք սերունդ» խորագրով կիրառական արվեստի աշխատանքների ցուցահանդեսը։ Հեղինակները՝ Էլիզաբեթ Բաղդիկյան-Մինասյանը, Զարուհի Տեր-Մանուկյանը, Շաքե Սարգսյանը, Արուսյակ Առաքելյան -Բաղդիկյանը և Էլիզաբեթ Առաքելյանը նույն գերդաստանի անդամներ են։ Նրանք ներկայացնում են ժանյակագործության, պայուսակների ու խեցեգործության հիանալի նմուշներ։
Պոնտոսի և Փոքր Հայքի միջև, Սև ծովյան ավազանին պատկանող Գայլ գետի ափին է գտնվում Շապին Գարահիսարը, որը հայտնի էր իր առևտրական և արհեստավորական կենտրոններով։
Էլիզաբեթ Բաղդիկյան-Մինասյանի մայրական պապը՝ Սահակ Սարգսյանը, կաթոլիկ էր ու անգլահպատակ, այդ պատճառով նրա ընտանիքը փրկվում է ցեղասպանությունից։
Սահակը, ավարտելով Քեմբրիջի համալսարանը, վերադարձել է Պոլիս և ստանձնել ֆրանսիական քոլեջի տնօրենի պաշտոնը։ Նրա շնորհիվ, շատ որբեր տեղավորվել են Ֆրանսիայի հայկական որբանոցներում։ Սարգսյանները, չկարողանալով հանդուրժել թուրքական միջավայրը, մեկնում են Բուլղարիա՝ հաստատվելով Պլովդիվ քաղաքում։ Այստեղ ինչ-որ պատճառով հրդեհ է բռնկվում՝ այրելով Սահակի գրքերը՝ թարգմանություններն ու հրապարակախոսությունները։ Դեպքը նրա վրա ծանր է ազդում և կարճ ժամանակ անց, նա մահանում է։
Էլիզաբեթի հայրական պապը՝ Հակոբ Մինասյանն այդ ժամանակ ապրում էր Կեսարիայի մոտ գտնվող՝ Էսքիշեհիր քաղաքում։ Ցեղասպանության ժամանակ նույնիսկ այն հայերը, որոնք զգուշացվել էին բարեկամ քրդերի կողմից, չհասցրեցին դուրս գալ և դաժան ճակատագրի արժանացան։ Սպանվում է Հակոբի 8 ամսական երեխայով հղի կինը՝ 7-ամյա որդու աչքերի առջև։
Սահակն ամուսնացել է Զարուհի Տեր-Մանուկյանի հետ, որը հրաշալի ասեղնագործում էր։ Շյուղերով հագուստ գործելու հմտության գաղտնիքները նա անխնա բացահայտում էր Շաքե անունով դստերը, որը մեր հերոսուհու՝ Էլիզաբեթի մայրն էր։


Արուսյակ Առաքելյանը, որը Էլիզաբեթի դուստրն է, ասեղնագործել և շյուղերով հյուսել սկսել է վաղ մանկությունից։ Ուշադրությամբ հետևել է մոր և տատի աշխատանքներին։ Իսկ այսօր նա համալրում է պայուսակների շարքը՝ ավելի ժամանակակից նմուշներով՝ հետագայում անհատական ցուցահանդես բացելու նպատակով։



Անչափ հետաքրքիր են կրտսեր Էլիզաբեթի աշխատանքները, որտեղ տեսանելի է երաժշտության ու խեցու «երկխոսությունը»՝ ներդաշնակ ու գրավիչ։ Այս ամենին զուգահեռ նա սկսել է օգտագործել նաև ապակի՝ բովանդակային նոր իմաստներ հաղորդելով պատկերներին։



Ահա թե ինչքան հուզիչ և գեղեցիկ պատմություններ կան թաքնված նաև՝ հանրությանն ոչ այնքան հայտնի գերդաստաններում։




