Գերդաստաններ

«Սևը ներսում պահեք, սպիտակը՝ դրսում». հանրահայտ դերասանի հորդորը գերդաստանի երիտասարդներին. «Գերդաստաններ»

ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Ազատ Գասպարյանը հանրությանը շատ ծանոթ է «Երկունք», «Երջանկության մեխանիկա», «Մեր մանկության տանգոն» և շատ այլ ֆիլմերից։

1830-ական թվականներին Մշո դաշտից շատ բռնագաղթվածներ հաստատվեցին Արթիկի շրջանում։ Գասպարյաններն ընտրեցին Հնաբերդ գյուղը։ Կարապետյան եղբայրներից Գասպար անունով մեկը լավ երգասաց է եղել, այդ պատճառով Կարապետյան ազգանունը փոխել և  դարձրել են սիրված երգասացի անունով։

Գասպարյաններից՝ Գևորգը, որը մեր հանրահայտ Ազատ Գասպարյանի պապն էր,  իր նախապապի նման, լավ երգում էր և տան մեծ օդայում ամեն երեկո հավաքվում էին գերդաստանի անդամներն ու գյուղացիները՝ մինչև կեսգիշեր երգում էին ժողովրդական, հնագույն երգեր։

Պապը Ազատին իր թևի տակ վերցնելով՝ ծանոթացնում էր երգի բովանդակությանն ու իր կատարողական արվեստի գաղտնիքներին։

Ինչ էլ պատահեր, Ազատը երբեք չէր ընկճվում, միշտ մնում էր անսահման բարի ու ընկերասեր։ Նա տանը ստեղծել էր մի հետաքրքիր անկյուն իր սիրած դերասանների ու գրողների նկարներով, իսկ բակի մի հատվածում՝ իր փոքրիկ թատրոնը։

1960 թվականին ավարտելով Արթիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Ազատ Գասպարյանն ընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում և սկսեց աշխատել մայրաքաղաքի գրեթե բոլոր թատրոններում։

1986 թվականից դարձավ Գ․Սունդուկյանի անվան թատրոնի դերասան։ Հյուրախաղերով հանդես եկավ տարբեր երկրներում։ Հեղինակն է «Իմ լեզվի տակ փուշ կա» գրքի և մի շարք ձայնասկավառակների, ինչպես օրինակ՝ Խաչիկ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը» և այլն։

Նրան համընդհանուր ճանաչում բերեց կինոն։ Եղիշե Չարենցի կերպարն ամրագրվեց Չարենց չտեսած, բայց Չարենց երազող երիտասարդ սերնդի հիշողության մեջ։

Պատանի հանդիսատեսը թատրոնում աշխատելու տարիներին ծանոթացավ և մտերմացավ  թիֆլիսահայ դերասանուհի՝ Լիլի Վարձիգուլյանի գեղեցկուհի դստեր՝ Սյուզաննայի հետ։

Անվանի դերասանի դուստրը՝ Նաիրի Գասպարյանը, երգչուհի է, գտնում է, որ իր շնորհքը փոխանցվել է պապից ու հորից։ Բնավորությամբ հանգիստ, հետևողական, բանիմաց հայրը դստերը խորհուրդ էր տալիս՝ «շարունակի՛ր երգել և քո տեղն անպայման կգտնես», բացի այդ, արտիստը ինչպես դստերը, այնպես էլ գերդաստանի երիտասարդներին պատգամում էր՝ «սևը ներսում պահել, սպիտակը՝ դրսում»։

Հանրահայտ արտիստի գերդաստանի այս փոքրիկ պատմությունը կօգնի նրան ընկալելու բոլորովին նոր ու անսպասելի կողմերով։ Ազատ Գասպարյանի տաղանդի դրսևորումները գալիս են մանկությունից, պատահական չէ, որ ժամանակի մեծերը բարձր են գնահատել նրա յուրօրինակ շնորհը՝ փոքր դերերի մեջ ստեղծել անմոռանալի կերպարներ։

Կարդացեք նաև

Back to top button