
Լուսինե Մարտիրոսյանի համար ժողովրդական երգերը լույսի ճառագայթներ են, ցորենի հատիկներ, որոնցով կարելի է լցնել կյանքը։ Երիտասարդ երգչուհին ասում է՝ չնայած ստեղծագործական երկար ճանապարհ չի անցել, բայց իր գործունեության ընթացքում մի շարք խոչընդոտներ է հաղթահարել։ Դրանք հաղթահարել է երգի հանդեպ սիրով և վայրկյան անգամ չի մտածել ուրիշ մասնագիտության կամ աշխատանքի մասին։ Իրենը՝ երգելն է ու երգել սովորեցնելն է։
Արցախի բռնագաղթից հետո, երիտասարդ երգչուհին Երևանում հիմնել է «Հայաստանի Հանրապետության երաժիշտների միություն» հասարակական կազմակերպությունը և «Արցախի զարկերակը» վոկալ–գործիքային անսամբլը։
Լուսինե Մարտիրոսյանը չի աշխատում, բայց բազմազբաղ է։ Թե ինչպես է բացվում և ինչպես է մթնում օրը, երգչուհին չի զգում։




