Շարուկ ակներ

Բանաստեղծությունը բանաստեղծի ամենաապահով ու ամենատագնապոտ անկյունն է․ «Շարուկ ակներ»

Բանաստեղծությունը տարածք է, տիեզերքի այն ապահով ու ամենատագնապոտ անկյունը, որտեղ ինքզինք ամրագրել է Հրանտ Ալեքսանյանը։ Արտառոց ոչինչ չկա։ Ինքն Արցախում է, Սոս գյուղում, աշխարհի ամենամեծ թթաստանում, թթենի երկրում, որից չնայած հեռու է ֆիզիկապես, սակայն աղերսված է հոգևոր թելերով։ Այնտեղ գործում է խոսքը, սևեռվում հայացքը, սերը գեղարվեստագրվում է, արարումը` պատկերազարդվում… Քույրը, կինը, նայադը` ջրահարսը, մայրը․ այնտեղ նույն հարազատ մարդիկ են, որոնց դիմել են, օրինակ, Տերյանը, Չարենցը… Հրանտ Ալեքսանյանը նրանց դիմում է որպես ամենավստահելի, հավատարիմ, ոգեղեն ու պինդ էակների, որոնցով կյանքն իմաստուն է, խոհը, խորհուրդը` կերպարանափոխող հնար ու ձև։

Բանաստեղծի ստեղծագործական ամենատագնապոտ աշխարհում թթենին անձ է, կանաչը` նրա հանդերձը, որը, շողում է բազմազավակ մոր գեղեցկությամբ և իր շուրջը հավաքում յուրայիններին ու օտարներին, բնիկներին ու նժդեհներին… Բայց, եղուկ, կանաչը խամրել է, և բանաստեղծը վերին նկարչի վրձինը թաթախելով բառագույներին` հողի խորքը երկնի զենիթներին է ագուցում, թթենու տեսքով բանաստեղծությունն ու բանաստեղծին դարձնում տիեզերքի մշտաբնակիչը…

Back to top button