Չես կարող չհամաձայնել՝ Սարգսաշենում գոնե մեկ անգամ եղած մարդը վստահաբար կարող է ասել, որ ինքն արդեն եղել է դրախտում։ Համաձայնում եմ, որովհետև ինքս եղել եմ այնտեղ, վայելել եմ բարձր լեռների և խորունկ ձորերի վեհությունը, մեղմ ջրվեժների ու Թաս գետի կարկաչը, գողտրիկ բնության հավերժախորհուրդը, մերձավորի հանդեպ սիրով լցված սարգսաշենցու սիրախորհուրդը, վերջապես՝ դրախտային օրհնությունը։
Տոհմականչը Սարգսաշենից է, դաստիարակությունը՝ հարազատների ու համագյուղացիների կենցաղից ու բնիկությունից։ Գյուղը հիմնադրած Ասլանյանների ազգանունը կրելու պատիվն ունի նաև Ասատուր Ասլանյանը, որը պապենական տանն է առաջին անգամ լսել, սովորել ու ժառանգել աշխատանքային երգերը, որոնք բխում էին լեռնականների զուլալ հոգիներից։