
«Թումանյանը սահմանին» ծրագրի շրջանակներում «Հովհաննես Թումանյանի ընտանիքի մանրակերտը. անանց արժեքներ» խորագրով դասախոսությունների շարքը նվիրված էր Թումանյանի ընտանիքի արժեհամակարգին, ավանդույթներին ու սովորույթներին, միջանձնային շփումներին:
Ընտանիքի նամակագրության հարուստ ժառանգությունը, պերճախոս վավերագրերն ու բացիկները, ընտանիքի հուսառատ պատմություններն ու նիստն ու կացը վեր են հանում կատարելության հասնող ընտանեկան մանրակերտի շոշափելի պատկերը: Այդ մանրակերտը հար ու նման է հայոց ճակատագրին՝ վշտաբեկ, խոհուն, ստեղծագործ, հավերժող:
Ի՞նչ է փոխանցել մեզ Թումանյանի ընտանիքը: Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղարախանյանի հետ զրույցի առանցքում բանաստեղծի ընտանեկան արժեքներն են։




