
Հեքիաթի ժանրը Թումանյանի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ ու դեր ունի։ Հեքիաթները երեխաների մեջ զարգացնում են ոչ միայն պատկերավոր մտածողություն ու երևակայություն, այլ ձևավորում են մարդասիրություն, ինքնաճանաչողության ձգտում և անձնային այլ կարևոր որակներ: Այս առումով՝ շատ կարևոր է հեքիաթի հանրահռչակումը, որպես թումանյանական արժեքների փոխանցման անփոխարինելի ժանր:

«Ոսկե դարան» հավելվածի ստեղծումը դարձավ թումանյանական հեքիաթների տարածման ու հանրահռչակման այլընտրանքային տարբերակ: Հովհաննես Թումանյանի հեքիաթների բջջային հավելվածը՝ խոսող գրքերի շտեմարանով, օգտակար է բոլոր երեխաների համար, հատկապես՝ սփյուռքահայ փոքրիկների, ովքեր դեռ նոր պիտի սովորեն հայերեն կարդալ, հավելվածը կօգնի նրանց լսել ու հասկանալ: Այն կարող է օգտակար լինել նաև անգլախոս, ֆրանսախոս, ռուսախոս երեխաների համար: Կարելի է ասել, որ «Ոսկե դարանը» ընտանեկան հավելված է: Բոլոր տարիքային խմբերը՝ երեք տարեկանից սկսած կարող են լինել այս հավելվածի շահառուն։
«Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն ընթերցում են լավագույն ձայները», – նշում է Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը։ Հավելվածը հետաքրքիր և եզակի է նրանով, որ Թումանյանը մատուցվում է տարբեր լեզուներով։ Այս պահին հասանելի են՝ արևելահայերենով, արևմտահայերենով, անգլերենով, ֆրանսերենով և ռուսերենով ընթերցումներ։




