ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Միջազգային հանրությունը չունի ազնվություն՝ կանխելու ցեղասպանություններն ու էթնիկ զտումները

Ցեղասպանություններն ու էթնիկ զտումները կանխելու և պատժելու համար միջազգային շատ գործիքակազմեր կան, բայց դրանք չեն գործում՝ բավարար կամք չլինելու պատճառով։ Այս ամենի մասին են այսօր խոսել մի շարք փորձագետներ, միջազգային իրավունքի մասնագետներ ու պատմաբան-գիտնականներ։

«Հայկական ուսումնասիրությունների ինստիտւտի» կողմից կազմակերպած «Ցեղասպանություններ և էթնիկ զտումներ 21-րդ դարում» խորագրով գիտահանրամատչելի կոնֆերանսի նպատակներից մեկն էլ՝ այսօրվա հարափոփոխ աշխարհում թեման օրակարգում պահելն է։

Ապրիլ 24-ի նախօրյակին, ցավոք, երկու տխուր հանգամանք կա՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում արձանագրեց ցեղասպանությունների և էթնիկ զտումներին նվիրված գիտաժողովի կազմակերպիչներից քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

«Առաջինը, դե բնականաբար, ինքնին թեման է, և երկրորդ՝ խնդիրը, մոտիվացիան այն է, որ լավ գիտենք, որ պետականորեն ոչինչ չի կազմակերպվելու»։

Հետևաբար, Էլբակյանի խոսքով, գիտաժողովին մասնակցող փորձագետներն իրենց պարտականությունն են համարում հարցն օրակարգում պահելը, քաղաքագետի ձևակերպմամբ, թույլ չտալու համար ո՛չ մոռացում, ո՛չ ուրացում։

Փորձագետներն իրենց ուժերի ներածի չափով հանձնառու են համարում՝ «Ցեղասպանություններ և էթնիկ զտումներ 21-րդ դարում» խորագրով հանրամատչելի գիտաժողովի շրջանակներում ներկայացվող փաստական, գիտական ուսումնասիրություներով թեման մշտապես օրակարգում պահելը։ Պատմաբան-գիտնականներն անթույլատրելի են համարում հետ գլորվելը մինչև այն ժամանակները, երբ Հայոց ցեղասպանության հարցն ամբողջապես տաբու էր։

Առաջ, երբ խոսում էինք ցեղասպանության մասին՝ կար գիտակցումը, որ խոսում ենք անցյալում տեղի ունեցած սարսափելի երևույթների մասին՝ նկատում է պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ Հիմա, նրա ձևակերպմամբ, ամենասարսափելին այն է, որ աշխարհը, ցավոք սրտի, անցնում է «նոր ռեժիմի»՝ լայնածավալ պատերազմներ, զանգվածային ջարդեր և զանգվածային տեղահանումներ։    

«Այլ կերպ ասած՝ նոր նեոկանիբալիզմի մի մշակույթ է, ցավոք սրտի, ոչ մի միջազգային օրենք չի գործում։ Սա լրջագույն մարտահրավեր է մեր ազգի, մեր ժողովրդի, մեր պետականության համար։ Եվ եթե մենք այս գիտակցումից չշարունակենք, կունենանք լուրջ խնդիրներ»։ 

Ցեղասպանությունը և էթնիկ զտումները կանխարգելելու, պատժելու միջազգային բավականին մեխանիզմներ են ձևավորվել, կոնվենցիաներ կնքվել…։ Դրանց մասին նույնպես գիտաժաղովի մասնակիցները խոսեցին։ Փորձագետներն արձանագրեցին նաև, որ, ցավոք, այդ ամենը չեն գործել ու առավել ևս այսօրվա աշխարհում չեն գործում…։ Միջազգային հանրությունը՝ քաղաքակիրթ աշխարհը, չի՞ կարողանում, թե՞ ի վիճակի չէ կանխելու ցեղասպանություններն ու էթնիկ զտումները։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան. «Իմ անկեղծ գնահատականն այն է, որ այո՛, ի վիճակի չէ կանխել, ոչ թե նրա համար, որ չունի գործիքակազմը, այլ՝ որովհետև չունի ազնվություն՝ հավատարիմ մնալու միջազգային իրավական կարգավորումներին՝ կոնվենցիաներին, որոնք ընդունվել են հենց նույն քաղաքակիրթ մարդկության կողմից»։

Մեր օրինակով տեսանք, որ դրանք մնացին որպես ճառեր ու որևէ գործողություն չձեռնարկվեց որևէ մեկի կողմից՝ հավելեց Ստեփանյանը։ Նա նկատեց նաև, որ եղան, իհարկե, միջազգային ասպարեզում գիտնականներ, մարդիկ, որոնք բարձրաձայնեցին ու բարձրաձայնում են այդ ամենի մասին, բայց դա, Արցախի ՄԻՊ-ի համոզմամբ, բավարար չէ, որպեսզի միջազգային օրակարգի վերածվի հարցը և, ըստ այդմ էլ, դրան հետևեն միջազգային համապատասխան գործընթացներ։

«Բոլոր պետություններն էլ, իրենց շահերն առաջ մղելով, թքած ունեին, թե էնտեղ մարդիկ են մեռնում, երեխաներ են մեռնում։ Սա է այսօրվա միջազգային հանրության ընդհանուր պատկերը և միջազգային իրավունքի կամ մարդու իրավունքների օրակարգի ընդհանուր իրավիճակը»։

Փորձագետները նաև արձանագրում են, որ այսօր էլ տեսնում ենք, որ աշխարհի տարբեր կետերում բոլորը խոսում են, բայց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը մեկ ամիս շարունակ այդպես էլ չի կարողանում բանաձև ընդունել և կանխել այն ամենը, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածում։

Back to top button