ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Տավուշի բնակիչներն իրենց հարցերի պատասխաններին են սպասում

Տավուշի մարզում այսօր պարբերաբար փակվել են միջպետական ճանապարհները, իրավիճակը հատկապես լարված է եղել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում։ Բնակիչները  բողոքում են այն համաձայնությունների դեմ, որոնք կայացվել են Տավուշի մարզում 4 ուղղությամբ Ադրբեջանի հետ սահմանազատում իրականացնելու վերաբերյալ։ Լարվածության առիթ են դարձել նաև տեղեկությունները, որ ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Դրանց պատճառով Սուրբ Աստվածածին եկեղեցու ճանապարհը փակ է եղել, ապա բացվել քաղաքացիների համար։ Տեղի բնակիչների պահանջներից մեկն էլ հանդիպումն էր պաշտոնյաների հետ, նրանց իրենց հարցերն ուղղելն ու մտահոգությունների մասին պատասխաններ ստանալը։ Այսօր հայտնի դարձավ, որ կառավարության շենքում Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ հանդիպում կունենա  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Տավուշի մարզին հարակից տարածքներում Ադրբեջանի հետ 4 ուղղությամբ սահմանազատման համաձայնությունից հետո աշխատանքները գործնական փուլ են մտնում. տարածքներն ականազերծվում են, բնակիչները բողոքում են, ոստիկանները փորձում վերահսկել իրավիճակը։ Լարվածությունը հատկապես մեծ էր Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում։

– Ժողովո՛ւրդ, առաջ մի գնացեք, լրիվ մին է, ժողովո՛ւրդ ․․․

Կրակոցի ձայներ եկան ․․․

Մենք երաշխավորում ենք ձեր անվտանգությունը, ես չեմ ցանկանում, որ հիմա ձեզանից մեկը վազելով գնա ․․․

Ես ուզում եմ գնամ էդ միների վրա պայթեմ, բայց չտեսնեմ, որ այդ եկեղեցին պղծում են։ Դա իմ կամքն է ․․․

Չէ, մենք ձեզ դա թույլ չենք տա ․․․

Ճիշտ որոշում պետք է կայացվի ․․․

7–րդ դարի եկեղեցու տարածքում ի՞նչ գործ ունի թուրքը ․․․

Տարածքում հավաքված բնակիչներին հանդարտեցնելու համար փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը վստահեցրեց․

«Ոչ տվող եմ, ոչ վերցնող եմ։ Ես այնքանը հստակ գիտեմ, որ այս եկեղեցին չի տրվելու։ Դա հստակ գիտեմ»։

Ինչ գիտեն կամ ինչ են ցանկանում պարզել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից, սահմանազատվող համայնքների ղեկավարները  Երևանում՝ կառավարության շենքում, նշանակված հանդիպումից առաջ չբացահայտեցին։ Բաղանիս բնակավայրի վարչական շրջանի ղեկավար Գևորգ Սահակյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծեց՝ սահմանազատման աշխատանքներով պայմանավորված տրամադրությունները Բաղանիսում լարված են։ Հստակ մեկ հարցի պատասխան լսելու համար է ուղևորվելու Երևան՝ փոխվարչապետ Գրիգորյանի հետ հանդիպման․  

«Կոնկրետ Բաղանիսը իրեն հարց ունի տալու։ Մի հատ մեր հարցը ուղղենք, հետո հասկանանք։ Կիմանաք բոլորդ մեր տված հարցը»։

Ընդդիմադիր պատգամավորները այս օրերին նախընտրում են իրավիճակին տեղում հետևել։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը համոզված է, որ գործընթացը խախտումներով է իրականացվում։

«Իշխանությունը իրականացնում է մի գործընթաց, որը ոչ միջազգային պրակտիկային է հատուկ, ոչ նույնիսկ Հայաստանի օրենսդրությանը։ Դելիմիտացիա, դեմարկացիա գործընթացը ըստ միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի, կոնկրետ ունի իր «խաղի կանոնները», որոնք ոչ միայն Հայաստանում, այլ տարբեր երկրներում իրականացվել են։ Որևէ պարագայում, հատկապես դեմարկացիայի փուլում, երբ կոնկրետ հողի  վրա է աշխատանք տարվում, որևէ մեկն իրավունք չունի առանց բանակցելու , առանց հասկանալու իրականում ինչ կա սեղանի վրա դրված և առանց դրա համաձայնեցման, իրավունք չունի գնալու որևէ ձևով զիջումների։ Հիմա փաստացի մինչև այս պահը որևէ մեկի համար հայտնի չէ, թե իրականության մեջ ինչ քարտեզների հիման վրա է այս գործընթացը իրականացվում»։

Ընդդիմադիր պատգամավորի հայտարարություններին հակառակ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պնդում է՝ այս պահին ամեն ինչ շատ ավելի պարզ է և հստակ, քան մինչև պայմանավորվածությունների ձեռք բերումը։ Պատգամավորն ասում է՝ կա համաձայնություն, որ գործընթացը իրականացվելու է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիմքով, իսկ դա նշանակում է, որ վերականգնվելու են այն սահմանները, որոնցով պետությունները անկախացել են Խորհրդային Միության փլուզման պահին։

«Սա գիծն է։ Այս գծից այս կողմ ամեն ինչը իմն է, այս գծին այն կողմ՝ իմը չէ։ Եվ դուք էլ պետք է հասկանաք, որ այս գիծը վերջնական է և իրավական, որևէ փոփոխություն և որևէ քննարկում այստեղ չի կարող լինել»։

Այս տրամաբանությամբ, ըստ Վարդանյանի, Արծվաշենը մտնում է Հայաստանի տարածքի մեջ։ Սակայն այս ուղղությամբ Ադրբեջանի մտադրությունները կամ Հայաստանի քայլերը դեռ արված չեն։ Փոխարենը Հայաստանի ինքնիշխան տարածքի այլ հատվածներում են շարունակում տեղակայված մնալ ադրբեջանցի զինծառայողները։

«Իրական քաղաքականությունը կառուցվում է նրա վրա, որ փորձ է արվում հնարավորինս գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է գալ կոնսենսուսի և շարունակել առաջ գնալ։ Ի վերջո, փոխադարձ վստահությունը փոքր քայլերով շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ էպոխալ լուծումները։ Իհարկե, կան ուժեր, ես չեմ թաքցնում, որ չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունություն և չեն ցանկանում ՀՀ սահմանների անվտանգության մակարդակի բարձրացում։ Ես հակված եմ այն կարծիքին, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք հնարավորինս հստակ իրավականորեն ընդունելի սահմանագծված սահման բոլոր հարևանների հետ, որը հիմնված է լինելու Ալմաթիի հռչակագրի սկզբունքների վրա։ Որևէ մեկը չի ցանկանում թշնամուն բերել ՀՀ տարածք»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության դեմ արտահայտվող քաղաքացիները մինչդեռ, փակելով Բագրատաշենի ճանապարհը, պահանջում են Հայաստանի սահմանները փոփոխության ենթակա համարել բացառապես հանրաքվեի արդյունքների հիման վրա։ Այս առաջարկի հեղինակը ոչ թե մարզի բնակիչներն են, այլ «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները։

Իսկ գործնականում պետության արած նոր քայլով Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից այսուհետ գործելու է ևս մեկ  աշխատանքային խումբ։ Հայաստանի վարչապետի հրամանով այդ աշխատանքային խմբում ընդգրկվել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզի 6  բնակավայրերի՝ Նոյեմբերյանի, Իջևանի, Ոսկեպարի, Բաղանիսի, Բերքաբերի և Կիրանցի  վարչական ղեկավարները, ինչպես նաև ոլորտային մասնագետներ՝ գեոդեզիստներ և քարտեզագիրներ։ Աշխատանքային խումբը ստեղծվում է տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով։

Back to top button