ԿարևորՀասարակություն

Ինժեներական մտածողությունը խնդիրներ լուծելու կարողություն է․ 97 դպրոցական մասնակցել է «ԴԻՋԻԿՈԴ-2024»-ի եզրափակիչ փուլին

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան 9-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, մրցույթն անցակցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցությամբ։

Ամփոփիչ միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը նորարար մրցույթներ կազմակերպելու համար, որոնք հնարավորություն են տալիս աշակերտներին ուսումնասիրելու ԲՏՃՄ ոլորտի բոլոր ուղղությունները:

«Մասնակցությունն այսօրինակ միջոցառումներին մեծ փորձառություն է, իսկ այս ընթացքում ձեռք բերված փորձն առաջ շարժվելու, ձեր ապագան կերտելու առումով մեծ օգուտ է բերելու: Հատկապես ԲՏՃՄ առարկաների ուսումնասիությունը անչափ կարևոր է, քանի որ այս բնագավառում փոխկապակցված են դպրոցական և արտադպրոցական բաղադրիչները: Հաճախ ունենում ենք պատկեր, որ մեր երեխաներն արտադպրոցական պարապմունքներն ավելի շատ են սիրում, որովհետև դրանք ավելի հետաքրքիր ձևաչափով են իրականացվում և դրանց մասնակցում են առանց պարտադրանքի՝ իրենց կամքով»:

Նախարարի տեղակալն ապագայում դժվարությունների չբախվելու համար աշակերտներին խորհուրդ է տվել դպրոցում հիմնական՝ բազային առարկաներից զատ՝ ուսումնասիրել լրացուցիչ առարկաներ, որոնք կհամալրեն և կբավարարեն նրանց հետաքրքրությունները. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հետաքրքրված է ԲՏՃՄ առարկաների ուսումնասիրությամբ. այսօրինակ մրցույթները դեռ ձեր ամենափոքր քայլերն ու հաջողություններն են, միգուցե շատերիդ համար նաև աշխարհընկալման, զարգացման նոր ճանապարհները: Ինժեներական փորձ և մտածողություն ունեցող մարդիկ խնդիրներ լուծելու կարողություն են ձևավորում, իսկ խնդիրները մեր կյանքում անխուսափելի են: Համոզված եմ, որ և՛ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների դասընթացներին, և՛ նմանօրինակ մրցույթներին մասնակցությունը կուղղորդեն ձեզ՝ մասնագիտություն ընտրելու հարցում»:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը. «Դուք ընտրում եք ճարտարագետ դառնալու ճանապարհը, իսկ ճարտարագետը խնդիրներ լուծող մարդն է։ Խնդիրներ լուծելու համար ձեզ առաջին հերթին պետք են լինելու գիտելիքներ և հմտություններ: «Արմաթ»-ում դուք կրթվում եք նաև որպես հայ ճարտարագետ, որը պետք է լուծի ինչպես իր երկրի, այնպես էլ հետագայում նաև մոլորակի խնդիրները, իսկ խնդիրները լուծելու ամենահիմնարար ուղին կրթությունն է»:

Արդեն 9-րդ տարին անցկացվող մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնելու ստեղծագործական ունակությունները:

«ԴԻՋԻԿՈԴ»-ը միաժամանակ արդյունավետ հարթակ է, որտեղ ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարար գաղափարներով:

Այս տարի «ԴԻՋԻԿՈԴ 2024»-ին մասնակցության հայտ են ներկայացրել 1300-ից ավելի աշակերտներ ինչպես Հայաստանի բոլոր մարզերից ու Երևանից, այնպես էլ Ջավախքից ու արտերկրից։

Մրցույթն անցկացվել է երեք փուլերով՝ նախամարզային, մարզային և հանրապետական: Եզրափակիչ՝ հանրապետական փուլին մրցել են 97 մասնակիցներ՝ 88 թիմով: Եզրափակիչ փուլի ընթացքում մասնակիցները համակարգչային խաղ, վիրտուալ աշխատանոց, սարքերի ինտեգրում անվանակարգերով ներկայացրել են իրենց ստեղծած խաղերը։ Անցկացվել է նաև «Կրիայ» և «Փայթն» ծրագրավորման լեզուների օլիմպիադա:

Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ներկայացուցիչներ ԲՏԱ նախարարությունից ու «ARLOOPA», «STEMAR», «RELCU», «ARDESK» ընկերություններից։

Back to top button