ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Իմ հոգու տունն է Գյումրին». Վանաձորում բացվել է գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանի անհատական ցուցահանդեսը

Մինչև ապրիլի 27-ը լոռեցիները հնարավորություն ունեն վայելելու գեղանկարչուհի, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր տնօրեն Սուսաննա Մկրտչյանի անհատական ցուցահանդեսը: «Իմ հոգու տուն Գյումրի» խորագրով ցուցադրության մեջ գեղանկարչուհին մեկտեղել է հարազատ քաղաքի կոլորիտը, կենցաղն ամփոփող խորհրդանիշներն ու գույները: Ամեն մի գործ ներծծված է արհեստների ու արվեստների քաղաքի նկատմամբ անկեղծ ու հավերժական սիրով: Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել Լոռու մարզի մեր թղթակից Լուսինե Սարգսյանը:

Գեղանկարչուհի, գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր տնօրեն Սուսաննա Մկրտչյանի շուրջ 40 գործեր հանգրվանել են Վանաձորի գեղագիտության կենտրոնում: Արդեն 50 տարի Սուսաննա Մկրտչյանը գեղագիտական ճաշակ է թելադրում Գյումրիում: 500 սաներ ունեն կենտրոնում, նաև Շիրակի հեռավոր գյուղերում են ներկայացված: Գույնի ու գծի լեզուն փորձում են հասցնել երեխաներին: Գեղանկարչուհու վաղեմի գործընկերուհու՝ կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Կարինե Գլոյանի բնորոշմամբ՝ Սուսաննան իրեն մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանն է նվիրել։

Կարինե Գլոյան․ «40 տարի մենք ընկերություն ենք արել, համատեղ ցուցահանդեսներ: Տիկին Սուսաննան աշխատում է արվեստի ամեն ժանրում, մենք բոլորս ունենք սովորելու ինչ-որ բան   և ամենակարևորը՝ Սուսաննան ամենաբարդ մասնագիտությանն է տիրապետում, լավ մարդ տեսակին»:

Թղթի ու սոսնձի համադրությամբ ռելիեֆային գունանկարչության տեխնիկան Սուսաննա Մկրտչյանի հեղինակային բացահայտումն է: Պապյե մաշե տիկնիկներից մինչև ծավալուն գործեր. սաներին փորձում է ցույց տալ, որ անգամ թափոնները կարող են արվեստի գործ դառնալ:

Նկարչուհու նատյուրմորտները լի են սիմվոլներով. ձուկը ես եմ, ասում է, ազատ, ինքնաբավ, միաժամանակ լուռ ու մունջ աշխատող, առանձնահատուկ են բանալիները: Ամեն մեկն իր խորհուրդն ունի: Մինչև այսօր պայուսակի մեջ մասունքի պես պահում է երկրաշարժից առաջվա իրենց տան բանալիները, սեղանի դարակում էլ՝արվեստանոցի: Հիշողությունների բանալիներ են դրանք, ոչ սովորական՝ասում է.

«Դրանք մասունքներ են, որոնք իրենց մեջ և՛ ցավ են պարունակում, և՛ հիշողություններ՝  լավ ու վատ: Հիմա մեր օրերում արցախցիներն իրենց տան բանալիները վերցրած եկան, ո՛չ տուն ունեն, ո՛չ հույս: Այդ կորցրածի ցավն է, որ այդ բանալիով իր դուռը չի բացի: Կշեռքի քարեր շատ ունեմ՝ կյանքի, արդարության, որոնք ինձ համար սիմվոլներ են»:

Սուսաննա Մկրտչյանի արվեստը թաթախված է հարազատ Ալեքսանդրապոլ-Գյումրու կոլորիտով ու հին օրերի երգով: «Իմ հոգու տուն Գյումրի» շարքն էլ անցյալից մեր օրեր հասած դեպքերի ու դեմքերի, կյանքի ու կենցաղի մասին է:Նկարչուհին փորձում է մոռացությունից փրկել և նոր սերնդին փոխանցել հին Գյումրվա ծիսական ավանդույթներն ու հագուստները, գեղագիտական ճաշակ սերմանել,նաև սեր՝Գյումրու հանդեպ։

«Արվեստը միշտ և բոլոր ժամանակներում մարդուն պետք է: Ես նույնիսկ էսքիզներ չեմ անում: Եթե որևէ թեմայով ներշնչվում եմ, շատ արագ իրականացնում եմ: Արվեստագետի համար կարող է մի հասարակ երևույթ ներշնչանքի առարկա դառնալ: Նատյուրմորտների հիմնական թեման Գյումրին է, որովհետև իմ ստեղծագործության լեյտմոտիվը Գյումրի –Ալեքսանդրապոլն է, այն ժամանակը, երբ ծաղկեց մշակույթը, 1800-ական թվականներն էին,  մշակույթի ծաղկման մի շատ հետաքրքիր ժամանակաշրջան էր:  Ալեքսանդրապոլը տարազ չի ունեցել, Գյումրին էլ չի ունեցել, այդ տարազը Կարինի տարազն է, իսկ գյումրեցին վերցրեց այդ հագուստը և դարձրեց ալեքպոլյան հագուստ»:

Սուսաննա Մկրտչյանի գործերը բազմաշերտ են՝ասում է ցուցահանդեսի մասնակից Հասմիկ Մեջլումյանը: Ամեն շերտ մի ողջ պատմություն է ամփոփում, բացում ես, բացահայտում, տարողունակ է ու գրավիչ։

«Ամեն նկարում ուզում եմ հասկանալ՝ ինչով է արած, տարածությունը ոնց է ստացել: Շատ հետաքրքիր է: Գույները մուգ են, բայց ամեն մեկի մեջ հայկականությունը շատ արտահայտված է»:

Լիդա Մարգարյանի բնորոշմամբ՝ մեր օրերում, երբ ամեն ինչ արհեստական է՝ արտաքինից մինչև բանականություն, շատ կարևոր է զուլալ արվեստին հաղորդակցվելը.  հոգիդ ասես պարզաջրվում է՝ ասում է․

«Շատ տպավորված եմ: Հետաքրքիր է: Ուզում եմ ցանկացած նկարի մոտ կանգնեմ, խորանամ: Մանավանդ մեր այս սերնդին հաստատ պետք է: Կարիքը շատ ունեն, ինչքան շատ լինի, կհասկանան, որ պետք է ու ավելի շատ կմասնակցեն»:

Գյումրին թողնելու բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել՝ասում է նկարչուհին, հիմա էլ ունեմ: Չեմ էլ պատկերացնում, որ մի օր կարող եմ չզբոսնել հարազատ քաղաքիս փողոցներով ու չտեսնել հարազատ դեմքեր, պարզապես ուզում եմ, որ արվեստի մարդիկ միշտ զգան պետության ուշադրությունն ու խնամքը, որի կարիքն այնքան ունեն:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Գյումրու պատվավոր քաղաքացի, կոչումներու մրցանակներ, որոնք այնքան էլ կարևոր չեն, եթե հեռու ես հարազատ քաղաքից ու չես զգում նրա զարկերակը՝ ասում է արհեստների ու արվեստների մայրաքաղաքին սիրահարված նկարչուհին: Ցուցահանդեսը Վանաձորում կմնա մինչև ապրիլի 27-ը:

Back to top button