ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հաշվառել Հայոց ցեղասպանության զոհերին․ առաջարկն աղմուկ է բարձրացրել

Ցեղասպանությունների կանխարգելման դրոշակակիր–պետության կարգավիճակից ելնելով՝ Հայաստանի խորհրդարանը այսօր արտահերթ նիստով նախագիծ է ընդունել, որով օգոստոսի 3-ը սահմանվում է Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Նախագծի հեղինակն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է: 2014 թվականի օգոստոսի 3-ին են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակում գործել եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա, որտեղ ավելի քան երեք հազար մարդ է զոհվել։ Եզդիների ցեղասպանության հիշատակի օր սահմանելու նախագիծը Հայաստանի խորհրդարանում ընդունվել է միաձայն։ Փոխարենը քննարկվող հարցը զուգահեռների և  Հայոց ցեղասպանության շուրջ նոր բանավեճի առիթ է դարձել։

Միլիոն ու կե՞ս, թե՞ դրանից ավելի կամ պակաս․ հանրությունը միանշանակ չի ընդունել իշխանական պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանի առաջարկը՝ հստակ անուն–ազգանուններով հաշվառել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց Ցեղասպանության բոլոր զոհերին։ Ինքը՝ պատգամավորը, շեշտում է, իր առաջարկում քողարկված նպատակներ չկան, ազնիվ մղումներ են։

«Կարող է 1.5 է, կարող է ավելի շատ է, կարող է ավելի քիչ է։ Մինչև հիմա մեր երկիրը ինչո՞ւ այդ խնդիրը չի հասցեականացրել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվում։ Դա շատ կարևոր է ապագայում նաև մեր հարաբերությունների կառուցման համար։ Ցեղասպանության թանգարանում այդ նկարներից բացի պետք է լինի նաև նահատակված մեր ժողովրդի անուն–ազգանունները։ Դա եթե չենք արձանագրում հակառակ կողմը միշտ կարող է ասել, որ այդպիսի բան չի եղել և մինչև հիմա էլ ասում է։ Վատ մի զգացեք, շատ կարևոր թեմա է»։

Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագրում», կառավարությունում կամ խորհրդարանում այս հարցով հստակ որոշում չկա։ Համենայնդեպս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մյուս պատգամավորները նախաձեռնության մասին դեռ տեղեկություններ չունեն։ Հովիկ Աղազարյանը առայժմ ենթադրությունների մակարդակով է վերլուծում գործընկերոջ առաջարակը։   

«Ինձ համար անհասկանալի է դրա անհրաժեշտությունը։ Միգուցե սերուդների պահանջատրությա՞ն իմաստով։ Եթե դա հնարավոր լինի անել և միջազգային դատարանների միջոցով նյութական պատասխանատվության ենթարկել թուրքական իշխանություններին, ապա դա տրամաբանական է։ Իսկ եթե դա մենք նայում են որպես ահասարսուռ մի երևույթ, որ տեղի է ունեցել, ապա այդտեղ թվաբանությունը այնքան էլ իմաստ չունի»։    

Ընդդիմադիր երկու խմբակցության ներկայացուցիչներն էլ՝ Տիգրան Աբրահամյանն ու Արթուր Խաչատրյանը մտավախություն ունեն, որ իշխանական գործընկերոջ առաջարկում կան քողարկված նպատակներ։

Տիգրան Աբրահամյան․ «Սա կանխատեսելի գործընթաց է։ Այս դեպքում հատկապես ապրիլի 24–ին ընդառաջ Թուրքիային ևս մեկ զիջում ի ցույց դնելու և հայտնելու պատրաստակամությունը, որ պատրաստ են հրաժարվել նաև Հայաստանի համար այդ կարևոր գործընթացից»։

Արթուր Խաչատրյան․ Ցեղասպանության ենթարկված անձինք և ժողովուրդները պետք է դրա դիմաց փոխհատուցում ստանան և երբեք չպետք է ստորադասվի այժմեական կոնյուկտուրային քաղաքական նպատակներին»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, սակայն, պնդում են, որ Հայաստանում իշխող ուժի առաջ Թուրքիայից որևէ պայման չի դրվել։ Ռուստամ Բաքոյան․

«Ես կարծում եմ, այդ թեժության անհրաժեշտությունը չկա, որովհետև առնվազն իշխանության կողմից որևէ գործընթաց չկա և որևէ պրոցես չկա։ Եթե մեր առանձին գործընկերներ խոսել են դրա մասին, ես դրանից տեղյակ չեմ, բայց պաշտոնապես ասում եմ՝ քաղաքական կամ որևէ այլ որոշում չկա, այդ թվում վարչապետի կողմից որևէ նման որոշում կամ դրա մասին խոսակցություն չկա»։

Անդրանիկ Քոչարյանի առաջարկը մասնագիտական տեսանկյունից դժվար է կյանքի կոչել, ասում է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։

«1.5 միլիոն մարդու տվյալներ գտնելը գրեթե անհնարին է։ Պատկերացրեք ինչքան ռեսուրս կպահանջվի, եթե այդ 1.5 միլիոն մարդուն եթե մենք փորձենք գտնել մի պետությունում՝ Օսմանյան կայսրությունում, որտեղ փաստաթղթավորում չկար, որտեղ փաստաթղթավորումը շատ թափթփված և վատ վիճակում էր գտնվում և մի պետությունում, որը նպատակաուղղված մշտապես ոչնչացրել է իր փաստաթղթերը, որպեսզի իր հանցագործությունը կոծկի։ Այս երեք պայմանը՝ փնթի փաստաթղթաշրջանառություն, 100 տարվա վաղեմություն և փաստաթղթերի նպատակաուղղված ոչնչացումը դարձնում է այս աշխատանքը գրեթե անհնար»։

Ցեղասպանագետը պնդում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նմանատիպ խնդիրների պատճառով նաև Իսրայելին չի հաջողվել վերականգնել Հոլոքստի բոլոր զոհերի տվյալները։  

Ցեղասպանության մասին միջազգային Կոնվենցիան ասում է, որ այն ազգային, կրոնական, ռասայական կամ էթնիկ որոշակի խմբի ոչնչացմանն ուղղված գործողություններն են։ Այս պարագայում անունները բոլորովին կարևոր չեն։ Օրինակներից մեկը բավականին թարմ է։ Արդարադատության միջազգային դատարանը 2007 թվականին ճանաչեց Բոսնիայի ցեղասպանությունը։ Որոշումը կայացնելու համար դատարանը հենվել էր 7 հազար բոսնիացի տղամարդկանց սպանության փաստի վրա։ Այս դեպքում թիվը և անունները կարևոր չէին։ 7 հազար մարդկանց սպանությունը բավարար էր, որպեսզի միջազգային հանրությունը դեպքը կոչեր ցեղասպանություն։  

Back to top button